Արման Թաթոյանը դիմելու է ՍԴ՝ կառավարության գործողությունների վերաբերյալ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ կառավարության գործողությունների վերաբերյալ: Այս մասին նա հայտնել է փետրվարի 23-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, որ որոշ պաշտոնյաներ ասում են, թե նա մինչև իր ժամկետի լրանալը միակ աշխատած օմբուդսմենն է, Թաթոյանը հեգնանքով նկատել է, որ դա ամենևին էլ իշխանությունների «մեծահոգի վերաբերմունքի» արդյունքը չէ, այլ սկզբունքային դիրքորոշման և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքի արդյունքն է։

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ ճնշման փորձեր եղել են՝ ֆինանսական անկախությանն ուղղված ձախողված ոտնձգություն, մեքենաների պարկի կրճատում։ Ավելին՝  գրեթե 2 տարի կառավարությունը չի հաստատում օմբուդսմանի աշխատակազմի դրույքաչափերի ցանկը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ընկալվում է որպես գերատեսչություն, թեև դա միակ իրավապաշտպան սահմանադրական մարմինն է, և նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի ոչ պակաս, քան ԱԺ-ի, կառավարության վարչակազմի, վարչապետի կամ նախագահի նկատմամբ։

Այս կապակցությամբ պաշտպանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան․ այսօր կամ վաղը դիմումը կներկայացվի։

«Որպեսզի նման վերաբերմունքը օմբուդսմենի համար «դաս» չլինի, չընկալվի որպես  «պատիժ», եթե նա իրեն լավ չպահի»,  – հավելել է Թաթոյանը: