Կառավարությունը ամբողջությամբ կամ մասնակի կփոխհատուցի 81 սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց սահմանամերձ համայնքներին 1,155 մլրդ դրամ հատկացնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ գումարը կհատկացվի 5 մարզերի 23 համայնքների 83 բնակավայրերին. «Դրանք հիմնականում 4 ուղղությամբ են՝ անշարժ գույքի հետ կապված հարկերը, էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի հետ կապված: Այս որոշմամբ գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ: Այս որոշմամբ մեղմացնում ենք այս 4 ուղղություններով նրանց վճարումները կամ ամբողջովին պետությունն է իրականացնում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը սահմանամերձ և նաև սահմանամերձ դարձած գյուղերի կոմունալ ծախսերի և անշարժ գույքի հարկի գծով որոշակի փոխհատուցում  տալու մասին է. «Շահառուների թիվն ընդլայնվել է և մենք սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին աջակցում ենք»,- ասաց նա:

Նշենք, որ վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (2), Գեղարքունիքի (3), Վայոց Ձորի (2), Սյունիքի (5), և Տավուշի (11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին: