Թուրքմենչայի պայմանագրի մասին ՌԴ ԱԳՆ հրապարակումը Բաքվին հիստերիայի մեջ է գցել

Բաքուն ՌԴ ԱԳՆ-ին հորդորել է շտկել Թուրքմենչայի պայմանագրի մասին հրապարակումը ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում։

Ադրբեջանի ԱԳՆ-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե հրապարակման մեջ սխալ կա, որը խեղաթյուրում է պայմանագրի տեքստը։ Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ կապակցությամբ գերատեսչությունը «ափսոսանք ու զարմանք է հայտնել»։ Բաքվում նշում են, որ տեքստում հիշատակվում է «Արևելյան Հայաստան» հասկացությունը։ «Անհրաժեշտ ենք համարում խեղաթյուրումը վերացնել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՌԴ արտգործնախարարությունը երեկ իր պաշտոնական էջում հիշատակել է 1828թ․ Թուրքմենչայի պայմանագրի այն դրույթը, որտեղ հստակ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմում։

ՌԴ արտգործնախարարության էջում այդ առնչությամբ, մասնավորապես գրված է․

«Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերբանակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որը նպաստել է Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»։