Դոնբասում արդեն սկսվեց…. Պատերազմը մոտենում է արագ քայլերով. 2

Սկիզբը` այստեղ 

«Reuters»-ի դիվանագիտական ​​աղբյուրը երեկ հայտնել է, որ ԵԱՀԿ-ն «բազմաթիվ հրետակոծություններ» է արձանագրել շփման գծի երկայնքով։ Աղբյուրի համաձայն՝ ԵԱՀԿ-ն երկու կողմերից էլ գնդակոծությունների մասին հաղորդումներ է ստանում։ Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ շտաբը հրաժարվել է «Reuters»-ին մեկնաբանել այս տեղեկությունը։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե պաշտոնական Կիևը չի բանակցելու Լուգանսկի և Դոնեցկի չճանաչված հանրապետությունների հետ, այսօր գնահատել է որպես վիրտուալ մերժում է Մինսկի համաձայնագրերից։ Նրա խոսքով` Կիևն այժմ Դոնբասում իրավիճակի լարման փորձեր է անում, 2014 թվականից «մարդկության դեմ հանցագործություններ» է գործում, իսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը լռության են մատնում դրանք։ Ուստի, պարզաբանել է Պետդումայի խոսնակը, պատգամավորները, անհանգստացած Դոնբասում բնակվող ՌԴ քաղաքացիների պաշտպանությամբ, կողմ են արտահայտվել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման անհրաժեշտությանը։

«Պատահական չէ, որ Պետդումայի պատգամավորները հանդես են եկել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես ինքնիշխան պետություններ ճանաչելու անհրաժեշտության օգտին,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում:- Խաղաղ մարդիկ տառապում են, զոհվում։ Մենք չենք կարող անտարբեր լինել. Մեզ անհանգստացնում է այնտեղ բնակվող Ռուսաստանի քաղաքացիների և հայրենակիցների պաշտպանության հարցը:

ՏԻՄ ընտրությունները, քաղաքական կարգավորումը հարցեր են, որոնք հնարավոր չէ լուծել առանց ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների հետ համաձայնության։ Եթե ​​հակամարտության կողմերը չեն բանակցում, ապա ո՞վ պետք է լուծի այդ խնդիրները։ Զելենսկին, իր իսկ խոսքերով, փաստացի հրաժարվում է մինսկյան պայմանավորվածությունների կատարումից»:

Զելենսկին ավելի վաղ ասել է, որ չի բանակցի չճանաչված հանրապետությունների ղեկավարության հետ, քանի որ, իր կարծիքով, նրանք իրենց գործողությունները համաձայնեցնում են Ռուսաստանի հետ։

ՌԴ Պետդումայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները 2014թ. պետական ​​հեղաշրջման ժամանակ, Օդեսայի արհմիությունների տանը բռնկված հրդեհը, ինչպես նաև Դոնբասում «պատժիչ գործողությունները» «մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են» և «ցեղասպանություն», որը մասին «լռում է» Արևմուտքը։ Այդ կապակցությամբ Վոլոդինը հիշեցրել է Դոնբասում հայտնաբերված խաղաղ բնակիչների զանգվածային հուղարկավորությունները, ինչի պատճառով Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։Այս հարցում Արևմուտքի դիրքորոշումը նա անվանել է «ջայլամային»:

Նախկինում նման հայտարարություններ են արել մի քանի այլ ռուս պաշտոնյաներ: Մասնավորապես, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը խոսել է ուկրաինական հակամարտությունում Արևմուտքի «ջայլամի» դիրքորոշման մասին, իսկ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հիշեցրել է Դոնբասում զանգվածային հուղարկավորությունների փաստը և նշել է, որ ԱՄՆ իշխանությունները Դոնբասում ռուսների ցեղասպանությունը մերժող իրենց հայտարարություններով ցուցադրում են «պարզունակ և կոպիտ ցինիզմ»։ Այն, ինչ կատարվում է Դոնբասում «ցեղասպանություն» է անվանել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը:

«Եթե խոսենք կոնկրետ Դոնբասի մասին, ռուսական բանակից մի քանի օր կպահանջվի օգնության հասնելու համար»,- «Московский комсомолец»-ի այսօրվա հրապարակման համաձայն, ասել է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը «Radiotochka NSN Telegram» հեռուստաալիքին տված հարցազրույցում և պնդել, որ շփման գծում իրավիճակի կտրուկ սրումը կարող է վերածվել ինքնահռչակ հանրապետությունների վրա ուկրաինացի զինվորականների լայնամասշտաբ հարձակման:

Դրա հետ միաժամանակ, Ստրելկովը կարծիք է հայտնել, որ այդ մի քանի օրը կուղեկցվի ճանապարհներին կորուստներով ուկրաինական ուժերի հարվածներից: Այդ կապակցությամբ նա առաջարկել է ճանաչել հանրապետությունների անկախությունը և նախօրոք այնտեղ զորքեր ուղարկել, ավելի վաղ տեղակայել` հետագայում, Ուկրաինայի ագրեսիայի ժամանակ անհարկի կորուստներից խուսափելու համար:

«Եթե ռուս զինվորականները պատրաստվում են կռվել միայն Դոնբասի տարածքում, ապա այնտեղ շատ մեծ կորուստներ կունենան»,- կարծիք է հայտնել ԴԺՀ պաշտպանության նախկին նախարարը և այդ կապակցությամբ հայտարարել է, որ ռուսական բանակը պետք է «անտանելի պարտության մատնի Ուկրաինայի զինված ուժերին՝ կորուստներով ոչ միայն Դոնբասում»:

ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր, «Коммерсантъ»-ի հրապարակման համաձայն, հայտնել է, որ փետրվարի 18-ից կազմակերպվել է ինքնահռչակ հանրապետության բնակիչների «զանգվածային, կենտրոնացված տարհանում» դեպի Ռուսաստանի տարածք։ Նրա խոսքով՝ տարհանումն իրականացվում է այն պատճառով, որ Ուկրաինայի զինված ուժերը «մարտական ​​կարգերում են և պատրաստ են Դոնբասի ուժային գրավմանը»:

«Իրականում, մեր տեղեկություններով, նրանց ստորաբաժանումները շարված են մարտական ​​ կարգերում։ Հրամանը, եթե նրանց դեռ չի տրվել, կտրվի հնարավորինս շուտ։ Մենք այլևս չենք կարող սպասել և վտանգել քաղաքացիական անձանց»,- Telegram-ի իր ալիքում ԴԺՀ-ի ղեկավարի խոսքերն է մեջբերել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Առաջին հերթին պետք է տարհանվեն կանայք, երեխաներն ու տարեցները,- հայտնել է Պուշիլինը։- Թախանձալի խնդրում ենք լսել և ճիշտ որոշում կայացնել։ Ժամանակավոր մեկնումը կպահպանի ձեր և ձեր մերձավորների կյանքն ու առողջությունը։ Ռոստովի մարզում, Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունների համաձայն, մեր քաղաքացիներին տեղավորելու վայրերը պատրաստ են։ Տարհանվածներին կտրամադրվի անհրաժեշտ ամեն ինչ։ Բոլոր պայմանները ստեղծվել են անցագրային կետերում արագ անցում կատարելու համար»:

Նույնաբնույթ կոչով հանդես է եկել նաև ԼԺՀ ղեկավարը: Դատելով ամենից, Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման օրը հեռու չէ, դա կարող է լինել ինչպես Դոնբասի վրա Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումից առաջ, այնպես էլ դրանից անմիջապես հետո: Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ փետրվարի 15-ի համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը կապել էր Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետ, ինչից, ի դեպ, Ուկրաինան այսօրվա դրությամբ դեռ հրաժարվում է ու գրեթե բացառված է, որ կատարի հիշյալ պայմանավորվածությունները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, ՏԱՍՍ-ի հրապարակման համաձայն, Ուկրաինայի իշխանություններին կրկին կոչ է արել նստել Դոնբասի հետ բանակցությունների սեղանի շուրջ:

«Մենք Բելառուսի նախագահի հետ հայտարարել ենք, որ Ուկրաինայում քաղաքացիական խաղաղության վերականգնման և այս երկրի շուրջ լարվածության վերացման բանալին մինսկյան պայմանավորվածությունների իրականացումն է: Կիևին ընդամենը պետք է Դոնբասի ներկայացուցիչների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար միջոցների շուրջ՝ այս հակամարտությունը դադարեցնելու համար»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո և հավելել` «Դա որքան շուտ տեղի ունենա, այնքան լավ»:

«Ցավոք սրտի, հենց հիմա մենք տեսնում ենք ընդհակառակը, իրավիճակի սրում Դոնբասում»,- ասել է ՌԴ նախագահը։

Ուկրաինան, սակայն, ինչպես վերը նշեցինք ու տեղեկացրել ենք  նաև նախկինում, հրաժարվել ու հրաժարվում է Մինսկի համաձայնագրերի կատարումից` դրանով իսկ պատերազմը դարձնելով գրեթե անխուսափելի:

 

Արթուր Հովհաննիսյան