Դոնբասում արդեն սկսվեց…. Պատերազմը մոտենում է արագ քայլերով

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) երեկ հայտարարել է Ուկրաինայի հետ շփման գծում իրավիճակի էական սրման մասին: Լրագրողներին այս մասին տեղեկացրել է ինքնահռչակ ԼԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության ղեկավար Յան Լեշչենկոն։

«Վերջին 24 ժամվա ընթացքում մարտական շփմանգծում իրավիճակը զգալիորեն սրվել է,- ասել է նա:-։Հակառակորդը Կիևի ռազմաքաղաքական ղեկավարության անմիջական հրահանգով հակամարտությունը սրելու փորձեր է անում»:

Լեշչենկոն միջազգային դիտորդներին կոչ է արել արձանագրել Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունը և միջոցներ ձեռնարկել արյունահեղությունը կանխելու համար։

Ավելի վաղ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԼԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր, որ փետրվարի 17-ի առավոտյան Ուկրաինայի անվտանգության ուժերը կրակ են բացել հինգ բնակավայրի վրա, օրական չորս անգամ գնդակոծել են իրենց տարածքները «120 և 82 միլիմետրանոց ականանետերից, SPG-9 հաստոցային հակատանկային նռնականետերից, AGS-17 ինքնաձիգ հաստոցային նռնականետերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից»:

Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է գրեթե 8 տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13 000 մարդ, մոտ 44 000-ը վիրավորվել է։ Թեև Մինսկի համաձայնագրերով նախատեսված է սահմանադրական բարեփոխում, հրադադարի ռեժիմ և ծանր զինատեսակների դուրսբերում շփման գծից, Ուկրաինայի իշխանություններն այժմ երկրի բանակի կեսը (շուրջ 125 000 զինծառայող) կամ գուցե արդեն ավելին կենտրոնացրել են ԼԺՀ-ի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) հետ շփման գծի մոտ ու պարբերաբար կրակում են աշխարհազորայինների վրա, այդ թվում նաև՝ արգելված զինատեսակների և ռազմական տեխնիկայի (օրինակ` «Բայրաքթար» ԱԹՍ-ների) կիրառմամբ ականանետային ու հրթիռային հարվածներ հասցնում:

Դոնբասում լարվածությունը սրվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից, որոնք Ուկրաինային զենք, ռազմական տեխնիկա են մատակարարել ու մատակարարում,  տրամադրել նաև ռազմական հրահանգիչներ: Մոսկվան բազմիցս հորդորել է դադարեցնել զենքի մատակարարումը տարածաշրջան, քանի որ դա կարող է Կիևին ռազմական արկածախնդրության դրդել:

Երեկ ավելի ուշ Ուկրաինան և Դոնբասի հանրապետությունները միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ: Ինչպես «Donetsk News Agency»-ի վրա հղում կատարելով տեղեկացրել է РБК-ն, Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի արվարձանները գնդակոծելու մասին: Ըստ ներկայացուցչության, Ուկրաինայի ուժայինները Դոնեցկի ուղղությամբ գնդակոծել են Ելենովկա ավանը և Սիգնալնոյե գյուղերը, Գորլովկայի ուղղությամբ՝ Գագարինի և Իզոտովի անվան հանքերի ավանները, Մարիուպոլի ուղղությամբ՝ Պետրովսկոե և Նովոլասպա գյուղերը։ ԴԺՀ-ն հայտարարել է, որ հրետակոծության ժամանակ օգտագործվել են 82 մմ ականանետեր, նռնականետեր և հրետանային զինատեսակներ։

Ուկրաինայի Զինված ուժերն իրենց հերթին հայտարարել են Լուգանսկա գյուղի գնդակոծման մասին։ Ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է, արկերը դիպել են մանկապարտեզին։ Գյուղի կեսը մնացել է առանց էլեկտրականության. Բնակիչները տարհանվել են ապաստարան։

ԴԺՀ-ն հայտնել է, որ կրակ է բացել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ ի պատասխան Դոնբասի շրջանների գնդակոծությունների։

Ուկրաինայի զինված ուժերը հերքել են հրետակոծության մասին տեղեկությունը։ Միացյալ ուժերի գործողության մամուլի ծառայությունը հայտարարել է Դոնբասի հանրապետությունների կողմից հրադադարի ութ խախտման մասին, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրի երկու խախտման մասին։

Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության տվյալների, փետրվարի 17-ին արձանագրվել է հրադադարի խախտման 591 դեպք։ «Reuters» գործակալության դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ի օրվա առաջին կեսին արդեն գրանցվել է հրադադարի 80 խախտում։ Ըստ գործակալության աղբյուրի, երեկ սկսված մարտերն ամենամեծն են 2015 թվականից ի վեր։

Ինքնահռչակ հանրապետություններում տարեսկզբից հաղորդում էին ուկրաինական կողմից նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին։ ԴԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը փետրվարի 14-ին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հանրապետությունների տարածք ներխուժելու ծրագիր են պատրաստել, իսկ Կիևը բազմիցս հերքել է նման լուրերը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ իրավիճակը Դոնբասում, որտեղ «գտնվում է ուկրաինական ուժերի հսկայական պոտենցիալ», լարվում է ու ցանկացած պահի կարող է բռնկվել…։ Ըստ Պեսկովի, վերջին օրերին Դոնբասի շրջանում Կիևի սադրիչ գործողություններն ակտիվացել են։

«Յուրաքանչյուր պահի ռիսկ կա տեղեկատվական հարձակումների ոլորտից անցնելու դրա հետևանքներին, որոնք կառաջացնեն պատերազմի նոր բռնկում մեր սահմանների անմիջական հարևանությամբ»,- զգուշացրել է Պեսկովը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում մենք տեղեկություններ ենք լսում, որ Ռուսաստանը սահմանին հսկայական հարվածային ներուժ է պահպանում, բայց խոսքը գնում է մեր սեփական տարածքների մասին,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։- Սակայն ոչ ոք, արևմտյան ոչ մի ներկայացուցիչ չի խոսում սահմանազատման գծում ուկրաինական զինված ուժերի հարվածային հսկայական ներուժի մասին, և զուգորդված սադրիչ գործողությունների, որոնք վերջին օրվա կամ վերջին օրերի ընթացքում միայն ուժեղացել են, սա շատ ու շատ վտանգավոր իրավիճակ է»:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի «ընդդիմախոսները» չեն նկատում Կիևի ագրեսիվ նկրտումները։ Նախօրեին Դմիտրի Պեսկովը հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մեծ հավանականության մասին: Ավելի վաղ, դեռ փետրվարի 12-ին ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինն էր հայտարարել հանրապետության ուժերի լիարժեք մարտական ​​պատրաստվածության անհրաժեշտության մասին` կապված ուկրաինական կողմից ուժերի կուտակման հետ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան