Գիրք կարդալը հասարակության առողջության գրավականն է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է մանկավարժ, գրքերի հեղինակ Վիոլետա Մնացականյանը։

Վաղը՝ փետրվարի 19-ին, Գրքի տոն է, գիրք նվիրելու, գրքի մեծարման օր, և այդ օրվան ընդառաջ հաղորդման հյուրի հետ խոսեցինք առողջ հասարակություն դաստիարակելու հարցում ընթերցանության դերի ու արժեքի մասին։ Որքանո՞վ է մեր հասարակությունը գրքասեր ու ընթերցասեր, արդյո՞ք այսօրվա հասարակության բարոյալքվածության պատճառը նաև իշխանությունների բացթողումը կամ գուցե հատուկ միտումը չէ, որ գիրք կարդալը, կրթվելը չի խրախուսվում, առանձին ռազմավարություն ու քաղաքականություն չի դիտարկվում։ Հաղորդման հյուրն ասաց, որ գրքի դերը շատ կարևոր է առողջ, կրթված, բանական ու գիտակից քաղաքացի դաստիարակելու համար, սակայն գիրքն էլ պետք է համապատասխան բովանդակությամբ լինի, քանի որ նույն գրքով կարելի է նաև բարոյազուրկ հասարակություն դաստիարակել։ Ուստի շատ կարևոր է, որ գիրքը ընտրողաբար մատուցվի սերունդներին։

Խոսեցինք մտավորականության դերի մասին, ինչո՞ւ է այսօրվա մտավորականն այդքան երկչոտ և հիմնականում չի մասնակցում երկրում տեղի ունեցող ցավագին գործընթացներին, հանրության կողքին չէ՝ որպես ուսուցիչ, ուղղորդող։ Վիոլետա Մնացականյանն ասաց, որ իսկական մտավորականը այնքան վաստակ ունի Հայաստանի համար, միջազգային ասպարեզներում մեր պետությունն արժանիորեն ներկայացնելու գործում, որ նրանց քննադատելու հարցում պետք է խիստ զգուշավոր լինել և հիշեցրեց մի խումբ մտավորականների հանդիպումը ՀՀ նախագահի ժպ-ի հետ։ Թեև նկատեց, որ այդ հանդիպմանը նրանք կարող էին թեկուզ հայրաբար հանդիմանանքի խոսքեր ասել երկիրն անելանելի վիճակի առաջ կանգնեցրած իշխանությունների ներկայացուցչին։

Մանրամասները՝ տեսանյութում