«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված անձանց համար սահմանափակ ազատությունը խոչընդոտ չէ՝ նպատակային օգտագործելու իրենց առօրյան և հաղորդակից լինելու գեղեցիկին: Այս մասին տեղեկացնում է ՔԿԾ-ը:

Այդ մասին է վկայում այսօր՝ փետրվարի 9-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը, որն իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի օժանդակությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի բազմաբնույթ աշխատանքները և նրանց կողմից հեղինակած գրքերը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, Ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, Պրոբացիայի ծառայության պետը, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:

Դատապարտյալների ցանկությամբ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների: