Լուկաշենկոյի հայտարարությունն իր երկրի ներքին քաղաքական օրակարգի մասին է. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի հայտարարությամբ և Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ հանդիպմամբ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ Ա. Լուկաշենկոյի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը: Ըստ նրա՝ Լուկաշենկոյի ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ այն առնչություն չունի: Նախարարը հաստատել է, որ նախորդ օրը Բելառուսի դեսպանն իսկապես հրավիրվել էր ԱԳ: «Դեսպանին ենք փոխանցել մեր համոզմունքն այն մասին, որ միմյանց մասին մեր հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա եւ հաշվի առնեն միմյանց շահերն ու սուվերենությունը։ Պատրաստ ենք շարունակել համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին՝ զանազան միջազգային հարթակներում»,- նշեց Արարատ Միրզոյանը։