Լուկաշենկոյի հայտարարության շերտերը․ Այլընտրանքային նախագծեր խումբ

Թույլտվություն և իրավունք

Բելառուսի նախագահը ծաղրեց Հայաստանը և նրա քաղաքացիներին։ Նման բան միջազգային հարաբերություններում, առավել ևս՝ նույն տնտեսա-անվտանգային համակարգում գտնվող պետությունների հարաբերություններում չի արվում։
Հետևաբար՝ առանց թույլտվության նման բան հնարավոր չէ անել, և սկզբունքային խնդիր է՝ հասկանալ, թե ո´վ թույլ տվեց Լուկաշենկոյին՝ անել դա։ Մինչև չհասկանանք ու պարզ չասենք, պարբերաբար ստանալու ենք նման ձևակերպումներ։
Լուկաշենկոյին մեզ ծաղրելու իրավունք տվել ենք մենք՝ Հայաստանը՝ որպես պետություն, և հայը՝ որպես հասարակություն։ Մեր այսօրվա վիճակը և մեր անհույս ներկան են նրան թույլ տալիս այդպես արտահայտվել։ Հունիսի 20-ի մեր ընտրությունն է նրան տվել այդ իրավունքը։

Ռևերանսներ Ալիևին

Ակնհայտ է, որ Լուկաշենկոն իրեն սանձարձակ է պահում՝ Ալիևի հետ լուռ կամ գործնական համաձայնության արդյունքում։ Նա, մեծ հաշվով, համառոտ ասում է այն, ինչը Ալիևն ասում է արդեն երկու տարի։ Ալիևը մեր պետության, մեր ժողովրդի, մեր զոհված տղերքի, մեր հերոսների, մեր սրբավայրերի, մեր հայրենիքի մասին ասում է բոլոր այլանդակությունները և ծաղրում մեր պարտված իշխանությանը։ Հայ ժողովուրդը չի անում հետևություն. 680 հազար մարդ քվեարկում է պարտության օգտին, իսկ 800 հազարը ձևացնում է, թե դա իրեն չի վերաբերում։ Լուկաշենկոն միացել է Հայաստանը ստորացնելու՝ Ալիևի միջազգային արշավին։ Դա ունի միայն մեկ լուծում. հենց Հայաստանում ձևավորվի չպարտված, նոր իշխանություն, որը սկիզբ կդնի ազգային արժանապատվության վերելքի, բոլորը ձայները կտրելու են։ Առաջինը՝ Ալիևը։

Բովանդակություն և ենթատեքստ

Լուկաշենկոյի խոսքի առանցքը Միութենական ինտեգրացիոն պրոցեսներն էին և անվտանգային խնդիրները։ Եթե մենք այսքան աղետից հետո չենք խոսում դրանց մասին, եթե Հայաստանում այս հարցերն ամենայն խորությամբ չեն քննարկվում, ապա դա մեր փոխարեն կանի Լուկաշենկոն կամ ասենք, Ղրղզստանի որևէ պաշտոնյա։ Ումի՞ց ենք մենք բողոքում։ Նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ ենք մենք խորքային քննարկել անվտանգային հարցերը։ Արդյո՞ք մենք մշակել ենք ինտեգրացիոն նոր առաջարկներ, արդյո՞ք մենք մշակել ենք մեր պետության նոր տեսլականը՝ տեղի ունեցած աղետի հետևանքները հաշվի առնելով։
Մեր ֆիզիկական անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը։ Արդյո՞ք մենք մտածում ենք, թե Ռուսաստանը անվերջ և անշահախնդիր դա անելու է։ Ինչո՞ւ պետք է անի, մենք մտածե՞լ ենք դրա մասին։ Իսկ ընդհանրապես մենք մտածո՞ւմ ենք որևէ լուրջ հարցի շուրջ։
Եթե մենք չենք մշակում մեր օրակարգը, մեր տեսլականը, եթե մենք չենք մշակում առաջարկների փաթեթներ և չենք քննարկում դաշնակիցների հետ, հարևանների հետ, ապա մեր փոխարեն դա անելու են ուրիշները, բայց արդեն իրենց հետաքրքրությունների համատեքստում։

«Օմոնի» Նախագահն ու ՔՊ վարչապետը

Նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյին կոչում էին «Օմոնի նախագահ» քանի որ նրա միակ հենարանը մնացել էին ուժայինները։ Հիմա «Օմոնի նախագահը» ՔՊ-ի Հայաստանի հետ ուրվագծում է նոր ինտեգրացիոն համակարգ՝ Միութենական պետություն։ Գաղափարը ինքնին գուցե հետաքրքիր է և պետական շահի հաշվարկման տեսակետից՝ խորքային քննարկման առարկա։ Բայց Լուկաշենկոյի՝ Օմոնի Նախագահի, և Հայաստանի այսօրվա ՔՊ-ական իշխանության պարագայում, դրա ձախողման հավանականությունը չափազանց մեծ է։ Ղազախական փորձը պետք է որ ուսուցողական լինի. ժողովուրդները հոգնում են ստից, վատ կառավարումից, այլանդակություններից։ Նոր, հետաքրքիր ինտեգրացիոն նախագծեր իրենց ժողովուրդներին կարող են առաջարկել և համոզել նոր, չպարտված և չստորացված իշխանությունները՝ բաց խոսակցության և ավելի լավ հեռանկարի հստակ առկայության պարագայում։

Այլընտրանքային նախագծեր խումբ