«Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից»

Լույս է տեսել «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գիրքը։ Այն հայկական առաջին գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքն է: Պատմում է հեղինակը՝ Սեդա Վարդանյանը, որի եղբայրը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում․ «Այն գրելու երկու խթան կար. առաջինը՝ Արցախյան երկրորդ պատերազմում իմ ապրած անձնական կորուստը, որը շատ արագ ակտիվացրեց ստեղծագործական մեծ ոգեշնչվածություն, երկրորդը, թերևս, առավել հզորն ու գաղափարականը՝ հոգեկան անկման վիճակում հայտնված ու պատերազմի հետ առերեսված մեծաթիվ մարդկանց օգնելու իմ՝ որպես հոգեբանի ու իր հայրենիքը սիրող մարդու ձգտումը:

Գիրքը բոլորի համար է, այն կարդալով՝ ամեն մարդ կգտնի իր որոշ հարցերի պատասխաններ և ամենակարևորը՝ կյանքին նայելու այլ դիտակետ: Դրանում նրան կօգնեն գրքի հերոսները՝ նորակոչիկ, կամավորական, հաշմանդամություն ձեռք բերած զինվորական, երիտասարդ սպա,  ինչպես նաև  տողերիս հեղինակը, որոնք ծանոթացնում են պատերազմի արհավիրքից, մահվան հետ առերեսումից ծնված ապրումներն ու հաղթահարելու ուղիները:

Գիրքը պարունակում է ոչ միայն անձնային, այլև ազգային աճի մասին գաղափարներ:

Ստացվեց գիրք ռազմի դաշտից, որը մոտիվացնում է մարդուն ապրել:

Գրքի ողջ հասույթը նախատեսել եմ ուղղել բարեգործության: Այս փուլում՝ շուրջ յոթ հարյուր գիրք նախատեսված է նվիրել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինվորներին և պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին: Գիրքը վաճառվելու է «Գնիր մեկ գիրք և մեկը նվիրիր զինվորին» կարգախոսով, նման ձևով յուրաքանչուր մարդու մասնակից դարձնելով բարեգործությանը»:

Գրքի շնորհանեսը տեղի կունենա հունվարի 26 -ին, ժամը՝ 19:00 Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի 2-րդ հարկում: