Հայկական Ռոբին ռոբոտը 2 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել

Առողջապահական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ստեղծած Expper Technologies ընկերությունը 2 միլիոն դոլարի  ներդրում է ներգրավել  Հայաստան՝ Starta VC և Formula VC վենչուրային ընկերությունների միջոցով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ռոբին ռոբոտի համահիմնադիր Կարեն Խաչիկյանը «Այսօր շատ կարևոր օր է մեր թիմի համար։ Անչափ ուրախ եմ տեղեկացնել, որ մենք ներգրավել ենք $2մլն ներդրում։ Սա հնարավոր դարձավ մեր հրաշալի և տաղանդավոր թիմի շնորհիվ, ովքեր միավորվեցին մի մեծ գաղափարի շուրջ, և այդ գաղափարը այս աշխարհն ավելի հոգատար դարձնելն է։

Սա ևս մեկ ապացույց է, որ քրտնաջան աշխատանքը, անսահման մեծ նվիրումը չեն կարող անարդյունք մնալ, և չկա նպատակ, որին անհնար է հասնել։

Այս ներդրումների միջոցով մենք պատրաստվում ենք կրկնապատկել մեր թիմը, մեծ քանակով նոր ռոբոտներ ստեղծել և տասնյակ հազարավոր նոր ժպիտներ պարգևել երեխաներին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ներդրողներին և բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում մեզ հետ են։

Ռոբինը ստեղծվել է Հայաստանում, զարգանալու է Հայաստանում և ապացուցելու է, որ Հայաստանում կարելի է ստեղծել չափազանց բարդ պրոդուկտներ, որոնք կօգնեն մարդկանց ամբողջ աշխարհում»,- գրել է նա։