Փաշինյանը գնում է Լենինի ճանապարհով. Взгляд

Ռուսական Взгляд հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի քաղաքական իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ձեռագրին և հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում շատերը չեն սիրում, իսկ Հայաստանի զգալի մասը ատում է նրան: Ֆորմալ տեսանկյունից, այս բոլոր մարդիկ ուրախանալու մեծ առիթ ունեն. այնուամենայնիվ, Փաշինյանին «սեղմեցին», և նա համաձայնել է արտահերթ ընտրություններ անցկացնել հունիսին: Դրա համար Հայաստանում պետք է վերացվի ռազմական դրությունը: Այնուամենայնիվ, նրա հակառակորդների ուրախությունը հնարավոր է վաղաժամ լինի:

Կողքից կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը ծանր պարտություն է կրել: Նրա առճակատումը Հայաստանի Գլխավոր շտաբի հետ այժմ անորոշ վիճակում է, բայց միջանկյալ դասավորությունը զինվորականների օգտին է. դատարանը թույլ է տվել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին կատարել իր պարտականությունները:

Մեծ հաշվով, Փաշինյանը կարող էր ոչ մի տեղ չգնալ և գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում մնալ մինչև 2023 թվականը: Դա ձեռնտու չէր ո՛չ երկրի նախագահին, ո՛չ բանակին, ո՛չ ընդդիմությանը՝ խորհրդարանական կամ փողոցային, ո՛չ բնակչության զգալի մասին, բայց լիովին համապատասխանում էր Փաշինյանի ցանկությանը և Հայաստանի օրենքներին: 2018 թվականին հավաքելով ձայների 70 %-ից ավելին՝ փաշինյանական «Իմ քայլը» դաշինքը խստորեն վերահսկում է Ազգային ժողովը, և Փաշինյանը չէր կարող վախենալ խռովությունից. իշխանական պատգամավորներից շատերը «փայտե զինվորներ» են՝ առանց վերադասի կամքի ոչ մի քայլ չեն անի:

Ռուսաստանը չի միջամտել հակամարտությանը. նա միայն խնդրել է, որ «ամեն ինչ լինի օրենքին համապատասխան»:

Մի կողմից ենթադրվում է, որ Կրեմլը մեծ համակրանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին, ընդհակառակը, չի սիրում և չի վստահում նրան՝ որպես «գունավոր հեղափոխության» առաջնորդ, «արևմտամետ» անձ, որը պառակտում է առաջացրել ԵԱՏՄ-ում և փորձել է Մոսկվայի վրա գցել Ղարաբաղյան պատերազմի պարտության պատասխանատվությունը:

Մյուս կողմից, Փաշինյանը ստանձնել է չափազանց ծանր և տհաճ պարտավորություններ՝ այդ պատերազմը դադարեցնելու հայտարարությունը կյանքի կոչելու համար:

Փաշինյանը հնարավորություններ և կամք ուներ «մնալու իր դիրքերում» և «թքած ունենալու բոլոր թյուրիմացությունների վրա»: Նա արդեն հասցրել է ապացուցել, որ ինքը այնպիսի մեկն է, որոնց քաղաքագետներն անվանում են «քաղաքական կենդանիներ»: Այլ կերպ ասած, մի մարդ, ով բնազդորեն ուղղված է իշխանությանը և հետապնդում է իր նպատակը՝ անկախ խոչընդոտներից: Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույն տիպի անձնավորություն է. չեմ հեռանա, իմն է, թեկուզ «ճաքես»:

Ավելին, Հայաստանում այժմ ռազմական դրություն է, որի պայմաններում ընտրություններն արգելվում են: Արդյունքում, իշխանություններն ունեն քարտ բլանշ ցանկացած գործողության համար, և բողոքելու հնարավորությունները ծայրահեղ սահմանափակ են:

Այնուամենայնիվ, Փաշինյանը կարծես հեռանում է, կարելի է ասել՝ դավաճանելով ինքն իրեն, իր աջակիցներին, իր սեփական էությանը: Իսկ ինչու՞:

Փաշինյանի համակիրները կասեն, որ նա, որպես լիբերալ և ժողովրդավարական հեղափոխության առաջնորդ, պարզապես չէր կարող իրեն թույլ տալ բռնապետություն սահմանել: Նրան ատողներն առարկելու են. ամբողջ հարցն այն է, որ ամբողջ երկիրը ատում է Փաշինյանին, ուստի նա պարզապես այլ ելք չուներ:

Հոդվածագիրը երրորդ տարբերակն է առաջարկում. Փաշինյանը համաձայնել է նոր ընտրությունների միայն այն բանի համար, որ ակնկալում է հաղթել, այսինքն՝ պահպանել իշխանությունը: Եվ նա կարող է հաջողության հասնել:

Իշխանության զավթման և պահպանման ընդհանուր ճանաչում ունեցող մասնագետը Վլադիմիր Լենինն է՝ շատերի կողմից ատելի քաղաքական գործիչ, բայց դրանից ոչ պակաս հանճարեղ:

Նրա «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» արտահայտությունն ասվել է բոլորովին այլ բանի մասին և տարբեր հանգամանքներում, բայց լիովին համապատասխանում է Փաշինյանի վիճակին:

Եթե նա պատերազմից անմիջապես հետո հայտարարեր նոր ընտրություններ, ընդառաջ գնար ընդդիմությանը և հեկեկացող (բառացիորեն հեկեկացող) փողոցին, ապա նրա կուսակցությունը շանսեր չէր ունենա: Պատասխանատվության ողջ բեռը և պարտության ողջ դառնությունը անխուսափելիորեն կդրվեր Փաշինյանի վրա: Սա հենց այդ «շուտ է»-ն է:

Եթե ընտրություններն անցկացվեին ավելի ուշ, օրինակ՝ հաջորդ տարի կամ նույնիսկ 2023-ին, ապա մարդիկ այդ ժամանակ ծայրահեղ վիճակում կլինեին կորոնավիրուսի ճգնաժամի և այլ տնտեսական խնդիրների պատճառով, իսկ ընդդիմությանը կհաջողվեր ամրապնդվել՝ կառուցվածքային և քաղաքական առումով: Դա նշանակում է «ուշ է»:

Իսկ հիմա՝ ճիշտ ժամանակն է: Կանգուն մնալով հետպատերազմյան, ճգնաժամային օրերին՝ Փաշինյանը մի քանի ամիս ժամանակ է շահել, որի ընթացքում բաշխել է Ղարաբաղյան ողբերգության պատասխանատվությունը:

Սկզբունքորեն կարևոր է նաև այն, որ ընտրություններն անցկացվելու են ըստ Փաշինյանի կուսակցության համար ձեռնտու համամասնական համակարգի (ընդդիմությունը պնդում է ռեյտինգայինը): Բացի այդ, Փաշինյանը կմնա վարչապետ մինչև գարնան վերջ, ինչը նույնպես կարևոր է ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում և ժամանակ է տալիս առավելագույնի հասցնել վարչական ռեսուրսի օգտագործումը: