Եթե մեր տարածքով առանց մեր պետությանը հաշվի առնելու որևէ գործողություն կատարվի, կլինի մեր պետականության վերջը. Մեղրիի համայնքապետ

«Պատերազմում պարտության, աշխարհաքաղաքական իրավիճակի հետևանքով պարտադրված ենք այդ ճանապարհը տալ, կոմունիկացիաները բացել, բայց եթե մեր տարածքով առանց մեր պետության ընթացակարգերի են անցնելու՝ դա կլինի մեր պետականության վերջի սկիզբը»,- այսօր ասուլիսում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը՝ խոսելով Մեղրիի տարածքով անցնող երկաթգծի մասին, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանին։

Նա ընդգծեց՝ եթե մեր տարածքով առանց մեր պետությանը հաշվի առնելու որևէ գործողություն կատարվի, կլինի մեր պետականության վերջը։

«Երբ քննարկումները էին գնում, ռուս սահմանապահներն ասում էին՝ միևնույն է, Մեղրու տարածքում կայարան չի լինելու, մտնելու է, դուրս գա։ Հարց տվեցի՝ դուք կհամաձայնե՞ք Ռուսաստանի տարածքով Չինաստանից Ուկրաինա առանց կանգնելու գնացք անցնի։ Կարևոր, նուրբ հարց է։ Միայն Մեղրին ու մեղրեցիներին անհանգստացնող հարց չէ»,- ասաց Մ. Զաքարյանը։

Նա նշեց, որ երկաթգիծը բացելու մասին արդեն մի քանի ամիս խոսվում է, քննարկվում է, սակայն պետության, կառավարության կողմից որևէ արձագանք, խորհուրդ, հուշում չկա, թե ընդհանրապես ինչ նկատի ունեն, ինչ է այն ենթադրում։

Մ. Զաքարյանը նաև նշեց, որ երբ կարդում են կապիտուլյացիայի պայմանագիրը, 9-րդ կետում նշվում է կոմունիկացիների վերաբացում, ոչ մի խոսք չկա միջանցքի մասին. «Ձեզ էլ եմ խորրհուրդ տալիս միջանցք բառը հանել բառապաշարից, թշնամուն իրավունք է տալիս նկրտումներ ունենալ»։