Չգիտենք, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե օրենքով հնարավորություն տրվի 14 տարեկան երեխային ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել և գաղտնի պահել իր վարակված լինելը. Թագուհի Թովմասյան

Նախագիծը մեծապես առնչվում է երեխաներին, քանի որ 16 տարեկանի շեմը իջեցնելով 14՝ մենք այս օրենքով հնարավորություն ենք ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա և ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը, և այդ ռիսկը չգիտենք ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով քննարկվող «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Ըստ պատգամավորի՝ նախագիծը ներկայացնող առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը չկարողացավ փոփոխությունների տրամաբանությունը և նպատակը բացատրել:

«Եթե այդքան խնդիր է դրված, որ անպայման այդ ճյուղը պետք է լինի գերակա և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մասով մեր պայքարը պետք է լինի անզիջում, առնվազն տրամաբանական և ենթարդելի էր, որ ՄԻԱՎ կենտրոնը չպետք է տարրալուծվեր այլ ինֆեկցիոն հիվանդանոցների հետ»,- ասաց նա:

Թագուհի Թովմասյանը կրկին հնչեցրեց հարցը, որ այդպես էլ պատասխան չստացավ փոխնախարարիից: «Դուք ինչո՞ւ եք հանել Քրեական օրենսգրքից ձևակերպումը, որ պատիժ է սահմանվում դիտավորյալ մարդուն վարակելը, ես չեմ հասկանում: Անտրամաբանական է գնալ մեղմացնելու ուղղությամբ և կոնկրետ ձեր իրական նպատակների բացահայտում եմ պահանջում»,- ասաց նա: