Հասարակությունն սկսում է հասկանալ այդ քաղաքական հետապնդումների իրական նպատակը, թիրախը. Հայկ Ալումյան

«Իրականությունն այն է, որ առաջին իսկ պահից սկսած՝ գործից տեղյակ մարդկանց համար պարզ էր՝ իրականացվում է քաղաքական հետապնդում»,-  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝  անդրադառնալով սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով ընթացող դատավարությանը։

Նա ընդգծեց, որ տարբեր էին պատկերացումները, թե ինչ քաղաքական նպատակներ են դրված այս հետապնդումն սկսած անձանց առջև։

«Հիմա հասարակությունն սկսում է հասկանալ այդ քաղաքական հետապնդումների իրական նպատակը, թիրախը, թե ինչ էր այս ամեն ինչի տակ թաքնված»,- ասաց Ալումյանը։

Ալումյանը հիշեցնելով, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ քաղաքական գնահատականներ պարունակող խոսքը դատավոր Աննա Դանիբեկյանն ընդհատեց և թույլ չտվեց նրան շարունակել ելույթը, նկատեց, որ իրականությունն այլ է, քան դատարանն է ուզում ներկայացնել։

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ այս ընթացքում լինելու են դեռ այնպիսի դեպքեր, երբ պաշտպանները փորձելու են ցույց տալ, թե ինչու է իրականացվում քաղաքական հետապնդումը, իսկ դատավորը կանխելու է պաշտպանական կողմի խոսքն այն պատրվակով, իբր թե դատարանում քաղաքական հայտարարություններ չպետք է արվեն, մինչդեռ Մարտի 1-ի իրադարձությունները քաղաքական են, մեղադրական եզրակացությունում քաղաքական գործընթացներ են ներկայացված։