Ռուս խաղաղապահներն ապահովել են 150 տ ադրբեջանական բեռի տարանցումը զավթված Քարվաճառի շրջան

Խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել հումանիտար բեռների տարանցումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ը:

Սոցիալական նշանակության ենթակառուցվածքների և բնակելի տների էներգիայի և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի երկրորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 KamAZ մակնիշի ռազմական մեքենայից և հինգ ուղեկցող մեքենաներից, ավելի քան 150 տոննա շինանյութ է տեղափոխել Քելբաջարի շրջան: Շարասյան երթուղին անցել է Մատաղիս և Վանք բնակավայրերով:

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցած տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա: