Արցախի պետական մարմիններն զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմավորելու հարցով. Վիտալի Բալասանյան

Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով: Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության մեջ, որը տարածել է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

«Խոսակցություններ են տարածվում այն մասին, թե իբր Ստեփանակերտ քաղաքի Վերածծնդի հրապարակում` պետական շենքերին տեղադրվելու է ադրբեջանական դրոշ: Հարկ եմ համարում կատեգորիկ հերքել այդ լուրերը:
Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է և, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու:

Այս կապակցությամբ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմավորելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով:

Հասարակության որոշ շրջանակներում մտավախություն կա, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի շրջանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով:

Խոսակցություններ են շրջանառվում նաև այն մասին, թե մասնավորապես  Ստեփանակերտի առևտրի կետերում ադրբեջանցիները կատարում են գնումներ: Հավաստիացնում եմ, որ նման խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:

Սիրելի΄ արցախցիներ, Արցախի իշխանությունների անունից հավաստիացնում եմ ձեզ, որ չնայած պատերազմական գործողությունների հետևանքով մեզ հասցված անդառնալի կորուստներին՝ պետությունը մշտապես հանձնառու է կատարել բնակչության անվտանգության և բնականոն կենսագործունեության ապահովման իր պարտականությունները, ըստ այդմ կոչ եմ անում տուրք չտալ կեղծ լուրերին և հավատացած լինել, որ արվել և արվում է ամեն ինչ՝ արցախցու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և ընդլայնելու ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ