Հայաստանը թուրքին հանձնելը Նիկոլի ու նրա թուրքական գործակալների ծրագիրն է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է 

Որքան էլ այս իշխանությունը փորձում է իր դավաճանական քայլերը ծածկադմփոց անել, որքան էլ Նիկոլ Փաշինյանն իր ոճով կեղծում է փաստերը ու ոստիկանական ուժերով փորձում ճնշել բողոքի ցույցերը՝ ձերբակալում, կալանավորում է մարդկանց, միևնույն է՝ հնարավոր չէ լռեցնել մարդկանց։ Հայաստանում շարունակվում է պայքարը թուրքական գործակալական ցանցի դեմ։

Ամեն օր սկանդալային մի նոր բացահայտումով հաստատվում է փաշինյանական թիմի հակահայկական էությունը։

Օրերս սկանդալային բացահայտում արեց այս իշխանության կողմից Հայաստանից արտաքսված, միջազգայնագետ, վարչապետին կից վերլուծական «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը: Անդրանիկը հստակ փաստով ապացուցեց, որ լուրերը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը հայախոս ադրբեջանցիներին տվել է հայկական անձնագրեր՝ ճշմարտություն են: Եվ այսօր էլ մեծ գումարների դիմաց վաճառքը շարունակվում է: Հայկական անձնագրեր ձեռք բերած ադրբեջանցիները հպարտանում են, թե այդ հարցում իրենց օգնում է Քյարամովը, նույն ինքը՝ Ա․ Քյարամյանը:

Հայաստանի դեմ ԱԱԾ նախկին պետի ձեռքով իրականացվող դավաճանությունը բացահայտելու համար Անդրանիկը ամիսներ առաջ ադրբեջացիներին առաջարկում է մեծ գումար, որպեսզի ձեռք բերեն ՀՀ վարչապետ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Եվ պատվերը կատարվում է․ կարճ ժամանակ անց ադրբեջանցիները նրան են տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Անդրանիկ Հովհաննիսյանը հենց եթերով ցուցադրեց այն ու հայտարարեց. «Ադրբեջանցիներն են ինձ տվել՝ մեծ գումարի դիմաց»։

Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումից շոկի մեջ հայտնված իշխանությունը արձագանքեց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի միջոցով․ «Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»: Այս հայտարարությունը բազմաթիվ ինչու-ների տեղիք տվեց: Փաստորեն, իշխանությունը ստեց՝ տպավորություն ստեղծելով, թե վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրն անհետացել է նոյեմբերի 10-ի՝ ցուցարարների ձեռքով։

Աննա Նաղդալյանն իր հայտարարությամբ չհերքեց ու կասկածի տակ չդրեց Անդրանիկ Հովհաննիսյանի բացահայտումը, դրանով իսկ հաստատեց, որ, իրոք, Հովհաննիսյանի ձեռքի տակ եղածը Փաշինյանի դիվանագիտական անձնագիրն է։

Հետաքրքիր է նաև, որ Փաշինյանը, որը նոյեմբերի 11-ին եթերով վրդովված խոսում էր հափշտակված ի՛ր ժամացույցի, ի՛ր օծանելիքի, ի՛ր համակարգիչի, ի՛ր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքի մասին, ոչ մի խոսք չասաց այդ կարևոր փաստաթղթի՝ դիվանագիտական անձնագրի «կորստի» մասին։ Իշխանությունը «կորած» փաստաթղթի մասին հիշեց միայն Ա․ Հովհաննիսյանի բացահատումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում