Եթե սա է իշխանության արդարությունը, ամենաբաց ճակատով թքում եմ այդ արդարության ճակատին (տեսանյութ)

Հասարակական-քաղաքական ակտիվիստ, լրագրող Տաթև Վիրաբյանը որպես Արցախի բնակիչ և 2020թ. պատերազմի ականատես, պատմում է, որ կատարվել է պետական դավաճանություն:

Այդ դավաճանության հետևանքով նա, երկու մանկահասակ երեխաների և ընտանիքի մնացած անդամների հետ միասին, կորցրել է Քարվաճառ քաղաքում գտնվող իրենց տունը, այն անցել է ադրբեջանցիներին, մեր թշնամիներն են հիմա այնտեղ տիրում: Տաթևը, որի կրտսեր եղբայրը` Գևորգը, զոհվել է 2020թ. պատերազմում, Հայաստանից ծնողների հետ Քարվաճառ քաղաք էր տեղափոխվել շուրջ երկու տասնամյակ առաջ, այստեղ են անցել նրա մանկությունն ու երիտասարդությունը:

Արցախի իշխանությունները դրսևորելով փոքրոգություն, Արցախի և Հայաստանի իշխանությունների հանդեպ իր քննադատական սուր ելույթներով ու հրապարակումներով հայտնի Տաթև Վիրաբյանին զրկել են պատերազմի հետևանքով տուժած Արցախի բնակիչներին տրվող 300  000-ական դրամ օգնությունից, անտեսելով նաև նրա` երկու երեխայի մայր լինելու և Երևանում վարձով ապրելու հանգամանքը:

Պատճառաբանությունը, որը LIVEnews.am -ի տաղավարում հարցազրույցի ընթացքում ներկայացրեց  Տաթևը, առավել քան անհեթեթ է` իբրև թե ինքը վերջին 3 ամսում չի բնակվել Քարվաճառում: Իրականում բնակվել է, բայց նաև հաճախակի բացակայել է, այնուհանդերձ, այդ ընթացքում Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում չի ապրել, այլ հենց նույն Արցախում, որի մայրաքաղաք և այլ բնակավայրեր, ինչպես նաև Երևան այցելել է իր գործունեության բնույթով պայմանավորված:

Եվ երկրորդ. եթե մարդը տուն է կորցրել Քարվաճառում, որտեղից հարկադրված է եղել դուրս գալ, տուն, որտեղ ապրել են նաև իր երեխաները և մայրը, ի՞նչ կապ ունի` նա վերջին 3 ամսում այդ տա՞նն է ապրել, թե ոչ, չէ՞ որ անվիճելի փաստ է նրա տուժած լինելու հանգամանքը:

Տաթև Վիրաբյանը ներկայացնում է նաև, թե ինչու է պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և բոլոր սթափ դատող, գիտակից հայերին հորդորում է ներկա լինել հունվարի 28-ին, ժամը 15:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հայահավաքին:

 

Մանրամասները` տեսանյութում