Պատերազմում վիրավորած 6000 քաղաքացիներ 500 հազար դրամ միանվագ աջակցություն կստանան

Պատերազմում վիրավորված 6000 քաղաքացի, որպես միանվագ սոցիալական աջակցություն, 500 հազար դրամ կստանա. որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության նիստում պարզաբանեց, որ միջոցառման շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած, բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձը, որը չունի հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ:

Նախարարը հայտնեց, որ վիրավորում ստացածների շարքում ներառվում են ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև կամավորները, աշխարհազորայինները:

«Թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, անցել են բուժման փոքր ժամանակ, բայց այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել: Սրանով փորձում ենք նաև կորցրած ժամանակի սոցիալական խնդիրները կարգավորել»,- հայտնեց Առաքելյանը:

Ըստ նրա՝ միջոցառման շահառու կհանդիսանա շուրջ 6000 քաղաքացի՝ բացառությամբ հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների, որոնց թիվը չի գերազանցում 1000-ը:

«Այս պահին 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն ու ստացել հաշմանդամության կարգ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը»,- հայտնեց Առաքելյանը և հավելեց, որ գումարը կտրամադրվի առավելագույնը 10 օրվա ընթացքում:

Նա հավաստիացրեց, որ փաստաթղթերի անհրաժեշտություն չի լինի, միայն պետք է անձնական տվյալներով ու բանկի հաշվեհամարով դիմել, և էլեկտրոնային եղանակով նույն պահին նույնականացվելու և հաստատվելու է շահառու հանդիսանալը: