Զարիֆը Բաքվում շնորհավորել է Ադրբեջանին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ

Այցով Բաքվում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ողջունել է Ադրբեջանի նախագահի՝ «Կովկասում համագործակցության վեցակողմ ձևաչափ» վերնագրով առաջարկը։ Այս մասին գրում է Irna գործակալությունը։

Նշվում է, որ Զարիֆը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցություն և համագործակցություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, որոնք նպաստում են խաղաղությանը, կայունությանն ու հանգստությանը տարածաշրջանում:

Զարիֆը այսօր առավոտյան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ասվում է, որ հանդիպմանը Զարիֆը շնորհավորել է «Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին՝ վերջին հաղթանակների կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության ընդլայնումը»:

Հիշեցնենք, որ Բաքու այցով մեկնարկել է Զարիֆի տարածաշրջանային ուղևորությունը, որի ընթացքում նա այցելելու է նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա: Այցերի օրակարգային հիմնական հարցը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո իրավիճակն է։