Մարդիկ թողել են տուն-տեղ, նրանց 99,9 տոկոսն իր հագին եղած հագուստով է դուրս եկել բնակարանից. Շուշիի նախկին քաղաքապետ

Մարդիկ թողել են տուն-տեղ, կարելի է ասել՝ նրանց 99,9 տոկոսն իր հագին եղած հագուստով է դուրս եկել բնակարանից, որովհետև մարդիկ ընդհանրապես տեղյակ չէին՝ ինչ է կատարվում։ Մտածում էին՝ մի քանի օրով են տեղափոխվում ու կվերադառնան իրենց բնակարանները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով տեղահանված արցախցիների խնդիրներին։

Նա նշեց՝ աջակցության ծրագրերից մեկով Շուշիում առնվազն 3 ամիս ապրած քաղաքացիներին տրամադրվում  է 300 000 դրամ, սակայն, Սարգսյանի խոսքով, այս չափորոշիչը խնդիրներ է առաջացնում, քանի որ որոշ բնակիչներ գուցե մի քանի օր քիչ են ապրել Շուշիում, սակայն այնտեղ ունեն կահավորված բնակարաններ, հետևաբար նրանց ևս պետք է տրամադրվի փոխհատուցում։

Սարգսյանի տեղեկացմամբ՝ այն ընտանիքները, որոնք ժամանակավոր տեղավորվել են տարբեր անձանց բնակարաններ կամ հյուրանոցներ, այժմ պետք է ազատեն այդ տարածքները, սակայն նրանց կեցության խնդիրները ևս լուծված չեն․ «Պետք է տեր կանգնել այդ մարդկանց, որովհետև վաղն էլ իրենց երեխաներին են երկրին տեր կանգնելու»,-նշեց նա, հավելելով, որ աջակցության ծրագրով 68 000 և 15 000 դրամները չեն տրամադրվում 18-58 տարեկան տղամարդկանց․ «Ասում են՝ թող տղամարդիկ աշխատեն, բայց որտե՞ղ աշխատեն, չկա աշխատանք»,-ասաց նա՝ նշելով նաև, թե բողոքներ է ստացել, որ շատ մարդիկ այդ աջակցությունը չեն ստացել։

Ըստ Սարգսյանի՝ խնդիրներ կան նաև աջակցությունների տրամադրման կազմակերպման աշխատանքներում, առաջանում են հասցեականության խնդիրներ։  «Տարբեր կազմակերպություններ Ստեփանակերտում սնունդ են բաժանում, բայց այդ գործընթացը կարգավորված չէ պետականորեն»,-նշեց նա։

Շուշիի նախկին քաղաքապետի խոսքով՝ խնդրահարույց է նաև բնակարանների վարձակալությունը, որովհետև թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում վարձու բնակարանները բարձր գներ ունեն։