Փաշինյանի երդվյալ պաշտպանը լքել է Հայաստանը

2018 թվականին տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով խանդավառված,  Վահագն Ղուկասյանը Ֆրանսիայից վերադարձավ Հայաստան, հավատալով, որ իր վաղեմի ընկեր Նիկոլ Փաշինյանը կկառուցի իր երազանքի երկիրը: Իսկ Ֆրանսիայում  նա հայտնվել էլ մոտ 20 տարի առաջ, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի թերթում իր մեկնաբանություններն էր գրում 1999 թվականի հոկտեմբերի 27–ի ողբերգության մասին և խնդիրներ էր ունենում իշխանությունների հետ: Նա քաղաքական ապաստան էր խնդրել այդ երկրի իշխանություններից և մեծ դժվարություններ հաղթահարելով՝ կարգավորել էր իր կյանքը:
Հայաստան վերադառնալով՝ նա սկսեց բառի բուն իմաստով մարտնչել բոլոր նրանց դեմ, ովքեր քննադատական խոսք էին ասում Փաշինյան վարչապետի մասին: Այս ամենի հետևանքով նա թշնամացավ շատ–շատերի, նաև իր երբեմնի մտերիմների հետ: Բայց ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ Փաշինյանն ընդունակ չէ կադրային ճիշտ քաղաքականություն վարել, իսկ ահա Արցախյան երրորդ պատերազմում ունեցած խայտառակ պարտությունից հետո, որի մեջ  Վահագն Ղուկասյանը մեղադրում է անձամբ Փաշինյանին, նրան խոր հուսալքություն համակեց և իր երազանքների ջախջախումը ծանր տանելով՝ լքեց Հայաստանը: Մեր տեղեկություններով նա ներկայում ԱՄՆ–ում է: