Հուսով ենք` Հայաստանը կհրաժարվի էքսպանսիոնիստական քաղաքականությունից. Անկարայի նախապայմաններից մեկը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը, այսօր անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նշել է, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը շուտով կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ՝ քննարկելու գործընթացը։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ եթե հարաբերությունների կարգավորումը լավ ընթանա, ինչին Ադրբեջանը համաձայնել և աջակցել է, Թուրքիան և Հայաստանը, որպես գործընթացի քայլերից մեկը, կվերսկսեն չարտերային թռիչքները։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կհրաժարվի էքսպանսիոնիստական քաղաքականությունից և կգործի որպես մեխանիզմի մաս, որը կնպաստի Հարավային Կովկասի կայունությանը», – նշել է Չելիքը։

Դեկտեմբերի 15-ին Թուրքիան ԱՄՆ-ում նախկին դեսպան Քըլըչին նշանակել է իր հատուկ բանագնաց՝ քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը: Երեք օր անց Հայաստանը ևս նշանակել է Թուրքիայի հետ երկխոսության իր հատուկ ներկայացուցչին՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։