Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի մեծ կենտրոնացում չկա․ Ուրկաինայի ԱԱԽՊ քարտուղար

Կիևը չի նկատում ռուսական զորքերի մեծ կենտրոնացում Ուկրաինայի հետ սահմանին. Այս մասին չորեքշաբթի «Նովոյե վրեմյա» թերթի կայքում հրապարակված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ռուսական զորքերի մեծ կուտակում չենք նկատում: Կան զորքերի որոշակի տեղաշարժ, բայց մեզ համար դա կրիտիկական չէ: Լայնածավալ ներխուժման համար պետք է լինի առնվազն երեք, չորս, հինգ անգամ, շատ ավելին, քան այսօր է»,- ասել է նա։ Միևնույն ժամանակ Դանիլովը պնդում էր, որ ռուսական զորքերի ներխուժման վտանգը դեռ գոյություն ունի։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայում «բավականաչափ զենք կա հակառակորդին դիմավորելու համար»։ Բացի դրանից, Դանիլովի խոսքով, երկիրը պարբերաբար ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից և այլ գործընկերներից։ «Սակայն իրավիճակի սրման դեպքում մեզ ավելին է անհրաժեշտ: Եվ բոլոր գործընկերները մեզ խոստացան, որ դա կանեն անմիջապես: Մենք կցանկանայինք, որ օգնություն ցուցաբերվի հիմա»,- ասել է նա:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։ Նրա խոսքով, Մոսկվան ամեն ջանք գործադրում է Կիևին օգնելու լուծել Դոնբասում հակամարտությունը՝ միաժամանակ հավատարիմ մնալով նորմանդական ձևաչափին և մինսկյան պայմանավորվածություններին։