ՑՈՒԳՑՎԱՆԳ

Իշխանությունները վաղուց ցուգցվանգի մեջ են: Մի կերպ, նաև ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելով, հաղթելով ԱԺ ընտրություներում, իշխանությունները հասկացան, որ 100 000 –ավոր մարդիկ երես են թեքել իրենցից: Դա հանգեցրեց իշխանության նյարդայնացման: Այդ վիճակը հստակ երևաց ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, երբ ձերբակալվեցին խոշոր համայնքների որոշ ղեկավարներ, որոնք անվերապահ հաղթանակ կտանեին ընտրություններում: Դա էլ մխիթարանք չեղավ իշխանությունների համար, և ՏԻՄ ընտրությունների արդյունքները շոկի մեջ գցեցին նրանց: Հասկացան, որ հողն արագորեն փախչում է իրենց ոտքի տակից: Դա հանգեցրեց նյարդայնացման ահագնացման: Արդյունքը՝ հաղթած թեկնածուների ձերբակալությունը, կոշտ ճնշումները ավագանու անդամների վրա: Նյարդայնացման ահագնացման ապացույց են նաև քաղաքական գործիչների անհարկի ձերբակալությունները, երևույթ, որն ուժգնացավ հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո:  Եվ ինչն է զավեշտալի՝ մարդկանց ձերբակալում են արտահայտած մտքերի համար: Քրեական գործ են հարուցում և դրանով չբավարարվելով՝  ձերբակալում: Կրկնում եմ՝ կարծիք արտահայտելու համար: Եվ դա այն դեպքում, երբ շատ են դեպքերը, երբ հանրային շատ ավելի վտանգավոր արարք գործած մարդիկ (անգամ՝ սպանություն ծրագրած և իրագործած) դատաքննության ժամանակ գտնվել են ազատության մեջ: Նման ցցուն դեպք է Գառնիկ Իսագուլյանի հետ կատարվածը: Ինչո՞վ էր խանգարելու Իսագուլյանը քննությանը, մնալով ազատության մեջ: Մարդն արտահայտել է իր տեսակետը և պնդում է: Ի՞նչ կերպ էր նա ազդելու նախաքննության վրա կամ այդ ի՞նչ վտանգ էր նա ներկայացնելու հասարակությանը՝ մնալով ազատության մեջ:

Առավել քան ակնհայտ է՝ իշխանությունները ցուգցվանգի մեջ են. ակնհայտ անհաջողություններ են ազգային շահի և տնտեսական ոլորտներում, և նկարագրվածը նյարդային վիճակի վաղ ապացույց է: Այնպես, որ սպասելի են նոր ձերբակալություններ:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից