Բայդենը չի հերքել հունվարին Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հերքել հունվարին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման հնարավորությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Դելավեր նահանգում լրագրողները երկրի ղեկավարին հարցրել են, թե նա անձամբ կհանդիպի՞ Պուտինի հետ հաջորդ ամսվա վերջին: «Տեսնենք», – պատասխանել է Բայդենը։ Reuters-ի փոխանցմամբ՝ հարցը տրվել է հունվարի 10-ին երկու երկրների ղեկավարների հնարավոր բանակցությունների մասին։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեքշաբթի ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են խորհրդակցություններ ռուս պաշտոնյաների հետ, որոնք նախատեսված են հունվարի 10-ին՝ կենտրոնանալով ռազմավարական կայունության խնդիրների վրա: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն Բրյուսելում՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների ժնևյան հանդիպումից հետո։ Դեկտեմբերի 26-ին Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մոսկվային առաջարկել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարել հունվարի 12-ին, երբ Բելգիայի մայրաքաղաքում կկայանա Դաշինքի ռազմական կոմիտեի՝ շտաբների պետերի մակարդակով նախատեսված նիստը։

Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրի նախագիծը։ Դրանք դեկտեմբերի 15-ին հանձնվել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդին։