ՀՀ և ՌԴ ՊՆ-ների ստորագրած փաստաթուղթը Սյունիքի հատվածում զորքերը հետ քաշելու մասին չի եղել․ ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների միջև ստորագրված փաստաթուղթը չի վերաբերել Սյունիքի ուղղությամբ ՀՀ զորքերը մի քանի կիլոմետր հետ քաշելու որոշումներին, փոխանցում է News.am-ը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էին, որ հայկական զորքերի հետ քաշման հրաման տալու և դրա հանգամանքի վերաբերյալ իրենց՝ տարբեր գերատեսչություններ հասցեագրած հարցումներին հակասական պատասխաններ են տրվել։ Եթե Մանուկյանի՝ ՀՀ Պաշտպանության արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին ուղղված հարցմանն ի պատասխան նախարարը հայտնել էր, որ այդ հարցը ՊՆ-ի իրավասության տիրույթում չէ, ապա ԳՇ պետ Արտակ Դավթյանն իրեն ուղղվա նույնաբովանդակ հարցմանը պատասխանել էր, որ զորքերի հետ քաշումը տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարների՝ 2020թ․ դեկտեմբերին։ Պատգամավոր Մանուկյանը նշել էր, որ այդ փաստաթուղթը չի կարող ամբողջությամբ հրապարակել՝ ելնելով սահմանված գաղտնիության ռեժիմից։ Ավելի ուշ նույնաբովանդակ մեկ այլ հարցմանն ի պատասխան Պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր պատգամավորին, որ առկա է ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև ստորագրված փաստաթուղթ, բայց այն, ելնելով գաղտնիության ռեժիմից, չի կարող հրապարակվել։

Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հիշատակված հայտարարություններին և ներկայացրած փաստական տվյալներին, պնդում է՝ որեւէ նոր բան չկա, և իշխանությունը որեւէ բան չի թաքցրել։

«Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին հրապարակային խոսել ենք, վարչապետն ասել է՝ ինչու է զորքերը հետ քաշելու որոշումներ կայացրել։ Փաստաթուղթը լրիվ այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է եղել, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչեւ այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց ՀՀ-ում, Ադրբեջանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու։ Մենք այս մասին խոսել ենք, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։