Գառնիկ Իսաղուլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման միանգամայն հնարավոր, բայց հաստատ հակահայկական ու գարշելի «անատոմիան»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի նկատմամբ սուտ մատնության համար շինծու քրեական գործը  «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» կոչվածում նոր չէ, որ հարուցվել է, հետո այնտեղից ուղարկվել կամ տեղափոխվել քննչական կոմիտե:

Մամուլի ասուլիսը, որի ընթացքում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի վերաբերյալ Իսաղուլյանի հրապարակած տեղեկությունները կամ նախկինում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա կատարած գնահատողական դատողությունները «հիմք» են հանդիսացել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրան որպես մեղադրյալ ներգրավելու, ապա նաև ձերբակալելու մասին որոշում կայացնելու, մեղադրանք առաջադրելու համար, նույնպես նոր չի եղել:

Հիշյալ քրեական գործի հարուցումից հետո թե՛ ԱԱԾ կոչվածի, թե՛ քննչական կոմիտեի կողմից, բացի նրանից, որ Կարապետյանը ժխտում է Իսաղուլյանի ասածները, չեն պարզվել այլ հանգամանքներ (թերևս դա էլ արդեն իսկ պարզ է եղել ԱԱԾ կոչվածում քր. գործի հարուցումից առաջ), ձեռք չի բերվել որևէ այլ տեղեկություն, որը կարող էր պատրվակ ծառայեցվել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու համար:

Այսինքն` քննչական կոմիտեն ձեռք չի բերել որևէ նոր տեղեկություն, չի պարզել ինչ- որ նոր հանգամանք, որը, ի տարբերություն մինչ այդ եղած տեղեկությունների, երեկվա` դեկտեմբերի 21-ի դրությամբ արդեն թույլ էր տալիս Իսաղուլյանին քրեական գործով ներգրավել որպես մեղադրյալ ու նրան ձերբակալելու մասին որոշում կայացնել:

Բնականաբար, հարցեր են առաջանում` ինչո՞ւ Գառնիկ Իսաղուլյանը հենց երեկ ներգրավվեց որպես մեղադրյալ, ինչո՞ւ հենց երեկ նրան ձերբակալելու մասին որոշում կայացվեց ու ձերբակալեցին քաղաքական ընդդիմադիր գործչին, երբ այդ ամենը, թեկուզ անհիմն, անօրինական կերպով, կարող էին անել ավելի վաղ: Արդյոք նրա հետ հաշվեհարդարի պատճառն այն կամ միայն ա՞յն է, որ Իսաղուլյանը LIVEnews.am լրատվական կայքով և այլ ԶԼՄ-ներով հարցազրույցների ձևով, մամուլի ասուլիսներով գրեթե ամեն օր հանդես էր գալիս Նիկոլ հողատուին ու նրա իշխանությանն ուղղված սուր քննադատությամբ ու մեղադրանքներով, ինչպես նաև հանդիսանում Նիկոլին ու նրա իշխանությանն ամեն օր քննադատող, մեղադրող LIVEnews.am կայքի համակարգողը…

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ վերոնշյալի կամ միայն վերոնշյալ պատճառի դեպքում նույն շինծու քրեական գործով կարող էին Իսաղուլյանին ավելի վաղ ներգրավել որպես մեղադրյալ ու նրան ձերբակալելու մասին որոշում կայացնել, բայց դա արվեց հենց երեկ: Ուրեմն դրա համար ի՞նչ պատճառ առաջացավ, ասպարեզում ի՞նչ ի հայտ եկավ, որ վերևներում անհրաժեշտ համարվեց Գառնիկ Իսաղուլյանին երեկվանից որպես մեղադրյալ ներգրավելը, ձերբակալելը, իսկ այսօր նաև 2 ամիս ժամկետով կալանավորելը (մինչ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, կալանքի հիշյալ ժամկետի լրանալուց առաջ այն յուրաքանչյուր 2 ամիսը մեկ կարող է մինչև 2 ամսով երկարացվել):

Փաստ 1-ին. Իսաղուլյանին դեկտեմբերի 21-ի առավոտյան իր բնակարանում վտանգավոր ահաբեկչի նման կալանավորելուց ընդամենը ժամեր առաջ, նույն օրը ժամը 00:14-ին LIVEnews.am կայքում հրապարակվեց Գառնիկ Իսաղուլյանի ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի ծրագրային բնույթի հայտարարությունը  Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտության վերաբերյալ` հաշվի առնելով երկրում ընթացիկ ներքին և սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակը. իրավիճակի հետագա զարգացման հեռանկարները, աշխարհաքաղաքական տարածքում համամարդկային և ազգային արժեհամակարգին սպառնացող կործանարար միտումների ուժեղացման գործոնը, տարածաշրջանին խորթ ուժերի գործողությունների ագրեսիվ բնույթը, որը հղի է իր պատմական. հայրենիքում հայ ժողովրդի ոչնչացմամբ, նաև այլ կարևոր հանգամանքներ:

Հանուն հայ ժողովրդի, Հայաստանում, Արցախում և բոլոր մարզերում նրա ազգային արժեքների, պատմամշակութային ժառանգության ֆիզիկական և հոգևոր փրկության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և պետականության հուսալի ապագայի երաշխիքների շուտափույթ ուժեղացման, Հայաստանում խորապես անկումային ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի հրատապ և իրական բարելավմսն նպատակով, հանուն հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ ատողջացման ուղղությամբ արտակարգ միջոցառումների շուտափույթ իրականացման, «Ազգային անվտանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդն անհրաժեշտ է համարել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մուտքի համար համապատասխան նախադրյալների հրատապ ստեղծումը, միջոցառումների ձեռնարկումը Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման համար բոլոր ոլորտներում` սկսած քաղաքական, ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, հետախուզական և հակահետախուզական համագործակցությունից։

Հայտարարության մեջ նշված է նաև ոչ բարեկամ պետությունների կողմից շարունակվող և աճող սպառնալիքների ու շանտաժի, Հայաստանի շուրջ ձևավորված տագնապալի իրողությունների մասին, որոնք թելադրում են հայ ժողովրդին արագացնել անայլընտրանք մասնակցությունը միութենական և ինտեգրացիոն կապերի զարգացմանը, առաջին հերթին, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև:

Փաստ 2-րդ. այն, ինչ անհրաժեշտ է համարել և առաջարկել «Ազգային անվտանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը, միանշանակ անընդունելի է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած, «Հանուն ժողովրդավարության» հորջորջված, ս. թ. դեկտեմբերի 9-ին և 10-ին կայացած, հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածությամբ գագաթնաժողովին մասնակցած, դրանով իսկ իր` հակառուսական ճամբարում գտնվելն առավել բացահայտած, հաստատած Նիկոլ հողատուի ու նրա իշխանության համար:

Փաստ 3-րդ. Վլադիմիր Կարապետյանը, որին իբր սուտ մատնությամբ հանցանքի մեջ մեղադրելու համար են Գառնիկ Իսաղուլյանին ձերբակալել, մեղադրանք առաջադրել, կալանավորել, Հայաստանի ոստիկանական բռնապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր ռուսատյացությամբ, հակառուսական, ավելին` Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությամբ հայտնի Ուկրաինայում:

Մի շարք հանգամանքներ, տեղեկություններ հաշվի առնելով, բնավ չենք զարմանա, եթե առաջիկայում պարզվի, որ Վլադիմիր Կարապետյանն Ուկրաինայում եղել է ոչ թե Հայաստանի շահերի և Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից բխող քաղաքականության արտահայտիչը, այլ Ուկրաինայի ու նրա հակառուսական քաղաքականության…

Դժվար չէ պատկերացնել, թե Ազգային անվտանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունն ինչ ջղաձգումներ կարող էր առաջացնել Նիկոլ հողատուի, նրա իշխանության մաս հանդիսացող, նրա կամակատար բոլոր այն պաշտոնյաների շրջանում, որոնք նույնպես, ըստ էության, հակառուսական դիրքերում են: Եվ ոչ միայն… Նաև` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի մոտ և դեսպանատան համապատասխան աշխատակիցների:

Միանգամայն հնարավոր է, որ Գառնիկ Իսաղուլյանին շինծու և ձեռքի տակ պահված, հարկ եղած պահին օգտագործելու համար նախապատրաստված քրեական գործով մեղադրանք առաջադրելը, ձերբակալելը, կալանավորելը Նիկոլի կամ նրա իշխանության հավատարմության հաստատումը լինի ԱՄՆ-ին, Արևմուտքին, նրանց ճամբարում գտնվելու հավաստիքը: Բայց, հատկապես ռուս- ամերիկյան օրեցօր սրվող հակամարտության համապատկերին, միանգամայն հնարավոր է նաև, որ ԱՄՆ-ի դեսպանատնից կամ դեսպանից Նիկոլը երեկ առավոտյան զանգ ստացած լինի…

Միանգամայն հնարավոր է, որ Իսաղուլյանի նկատմամբ կատարվածը լինի ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, Արևմուտքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Ռուսաստանի ներկայացրած վերջնագրի բնույթ ունեցող պայմանագրի նախագծին  առաջին գործնական և յուրօրինակ արձագանքը: Իսկ կա՞ այլ բացատրություն…

 

Արթուր Հովհաննիսյան