Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 13

Սկիզբը` այստեղ 

Նիկոլ հողատուն և «Ազգային ժողով» կոչվածում իշխող, Նիկոլին սատարող ու նրա հետ միասին նույնպես պատասխանատվության ենթակա  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, կարծում ենք, շատ լավ էլ հասկանում են, որ Ադրբեջանն Արցախի մոտ 75 տոկոսը խժռելով չի բավարարվել և աչքն Արցախից մնացած, ավելի ճիշտ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ Ռուսաստանի փրկած մասն էլ տիրելու վրա է, որը նույնպես համարում է իրենը: Եվ ոչ միայն… Նաև ձգտում է իրականություն դարձնել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը: Այս ամենի ապացույցները բազմաթիվ են:

Վերոնշյալը հասկանալով հանդերձ, Նիկոլ հողատուն և Հայաստանի ոստիկանական բռնապետության իշխանությունը շարունակում են Ադրբեջանի ղեկավարության հետ Արցախի և Հայաստանի համար վտանգավոր ու վնասակար իր «սիլիբիլիները»: Դրանցից հերթականը երեկ էր, Բրյուսելում, որտեղ Նիկոլ հողատուն մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպմանը: Հենց այնտեղ` Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը հայտարարել է.

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական ասպեկտին, ապա այն պետք է լիովին նման լինի Լաչինի միջանցքի ռեժիմին։ Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ և անխոչընդոտ կապը Ղարաբաղի և Հայաստանի միջև, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ և անխոչընդոտ կապը Ադրբեջանի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջև»:

Այսպիսով Ալիևն աներկբա հայտարարել է` կամ ոչ մի մաքսակետ չի լինելու Զանգեզուրի և Լաչինի միջանցքներում, կամ մաքսակետ կլինի թե՛ Լաչինի, թե՛ Զանգեզուրի միջանցքներում, ընդ որում, անցագրային նույն ռեժիմով: Ինչ է նշանակում Ալիևի ասածը…

Նշանակում է, որ եթե Ադրբեջանից Սյունիքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներին հայկական մաքսակետեր չեն լինելու, ապա այդ ճանապարհները վերածվելու են, ըստ էության, Հայաստանի վերահսկողությունից դուրս գտնվող ու այդ առումով Ալիևի և Էրդողանի երազած Զանգեզուրի միջանցքի: Պատահական չէ, որ Ալիևը շարունակում է համառորեն օգտագործել «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը կամ հասկացությունը, երբեք չի ասել` Սյունիքով ճանապարհներ: Հիմա բացատրենք, թե այդ ճանապարհների` Հայաստանի վերահսկողության ներքո չգտնվելն ինչ է նշանակելու:

  1. Նշանակելու է, որ Հայաստանի տարածք առանց մաքսային հսկողության մտնող ավտոմոբիլներով ու գնացքներով ցանկացած տեսակի ու քանակի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա Թուրքիայից անարգել տեղափոխվելու է Ադրբեջան` կարճ ժամանակում առավել հզորացնելով մեր թշնամուն ու նրան հնարավորություն ընձեռելով մի հարմար պահի թուրքավարի ու մեկընդմիշտ լուծելու Հայաստանի և Արցախի հարցերը:
  2. Նշանակելու է, որ մարդատար ու բեռնատար ավտոմոբիլներից, այդ թվում նաև` մասնավոր պատկանելության, մարդատար ու բեռնատար գնացքներից Սյունիքի տարածքում, Ադրբեջանի և Նախիջևանի միջև եղած 50-60 կիլոմետրանոց ճանապարհահատվածի ցանկացած հարմար կետում (իսկ դրանք բազմաթիվ են), այստեղի, ինչպես նաև միջազգային հանցավոր խմբերի հետ նախնական պայմանավորվածությամբ և, անշուշտ, նախապես Ադրբեջանի, Թուրքիայի կամ այլ երկրների բանկերի միջոցով փոխանցված համապատասխան գումարների դիմաց կգցվեն, կփոխանցվեն թմրանյութերի ահռելի զանգվածներ պարունակող պարկեր, փաթեթներ, թեթև հրազենի (ատրճանակ, հրացան) հազարավոր միավորներ` մեր կյանքը վերածելով դժոխքի:
  3. Նշանակելու է, որ կտեղափոխվի նաև Հայաստանում նույնիսկ այդ ժամանակ վաճառվելիքի համեմատ շատ էժան բենզին և ճանապարհին կվաճառվի այն գնել ցանկացող վարորդներին ու բենզինի բիզնեսով զբաղվողներին` այդպիսով հսկայական վնաս պատճառելով Հայաստանի բյուջեին:
  4. Նշանակելու է, որ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև այնտեղով Թուրքիա և հակառակ ուղղությամբ հսկայական բեռնափոխադրումների պարագայում Հայաստանի բյուջե անգամ 10 դրամի մաքսատուրք ու մաքսավճար մուտք չի գործի:

Հիմա ներկայացնենք, թե ինչ հետևանքներ է ունենալու վերոնշյալ տարբերակի մերժումը և համաձայնելը, որ մաքսակետեր տեղադրվեն ինչպես Հայաստանի` Ադրբեջանի և Նախիջևանի հետ սահմաններին, այնպես էլ Լաչինի միջանցքում, Լաչինի միջանցքի երկու սահմանագլխին, այսինքն` Հայաստանի տարածք և Արցախի մնացած տարածք մտնող հատվածներում:

  1. Եթե մենք Սյունիքի տարածքում արգելենք ռազմական նշանակության բեռների Նախիջևանով փոխադրումը Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանը նույնպես արգելելու է Հայաստանից նույնաբնույթ բեռների փոխադրումն Արցախ, իսկ առանց զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի, դրանց պահեստամասերի, քսայուղերի մատակարարման, Արցախի Պաշտպանության բանակը կարճ ժամանակից դադարելու է գոյություն ունենալ:
  2. Առանց իր բանակի և պաշտպանության մնացած Արցախը հայաթափվելու է, քչերը կարող է այնտեղ ապրեն մշտական վտանգի ու դրանից պաշտպանված չլինելու պայմաններում:
  3. Եթե նույնիսկ ռազմական բեռների փոխադրումն երկուստեք թույլատրվի, ապա Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետերի առկայությունը և մաքսատուրքի գանձումը բավական է, որ Արցախում բարձրանան Հայաստանից և Հայաստանի միջոցով այնտեղ տեղափոխվող բոլոր ապրանքների, այդ թվում նաև բենզինի, ավտոմեքենաների սեղմված և հեղուկ գազի գները, բարձրանան ուղեվարձերը, ծառայությունների սակագները:

Հայաստանում նույնպես կբարձրանան այն բոլոր ապրանքների գները, որոնք Արցախից են ներկրվում: Հատկապես Արցախում գների, վարձերի բարձրացումը և այդ պայմաններում բնակչության մի մասի ապրելու անհնարինությունը շատ մարդկանց կստիպի լքել Արցախը և աստիճանաբար իրականություն դարձնել Ադրբեջանի երազանքը: Առանց Արցախի, կորցնելու ենք Սյունիքը, առանց Սյունիքի, Հայաստանն ենք կորցնելու:

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ հողատուն Բրյուսելից ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում  կատարելով, ձևականորեն դեմ է արտահայտվել Ալիևի առաջադրած վերոնշյալ պայմանին: Նիկոլի խոսքով, Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Եթե դա իրոք այդպես է, ապա Ադրբեջանը հույս ունի ու մտադիր է առաջիկայում, ռուս- ուկրաինական միանգամայն սպասելի պատերազմի ընթացքում նշված կոմունիկացիաները բացել ռազմական ճանապարհով և ունենալ իր լիարժեք վերահսկողության ներքո գտնվող Զանգեզուրի միջանցք` մի քանի ճանապարհներ Սյունիքի և Վայոց Ձորի տարածքներով, ինչով կլուծվի նաև Ադրբեջանի և Թուրքիայի համար ռազմավարական նշանակության մյուս խնդիրը` Սյունիքի անջատումը Հայաստանի մնացյալ մասից ու զավթումը:

«Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար»,- երեկ գրել է Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում և հավելել, որ այս դիրքորոշումը հստակ արտահայտելու է նույն օրը նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում։

Է, արտահայտե՞ց… Եվ ի՞նչ արդյունքի հասավ, ո՞րն եղավ դրա արդյունքը… Ալիևը հրաժարվե՞ց իր առաջադրած վերոնշյալ պահանջից կամ պայմանից…  Իհարկե՛ ոչ: Այդ կապակցությամբ որևէ տեղեկատվություն չկա: Ավելին` եթե Ալիևը հրաժարված լիներ, ապա այդ մասին առաջինը հենց Նիկոլն ինքը կհայտներ` դա ներկայացնելով որպես Հայաստանի կսմ իր հաղթանակ:

Հակառակը` առկա տեղեկություններն առնվազն հուշում են, որ Նիկոլը թեև ձևականորեն դեմ արտահայտվելով Ալիևի պայմանին, թաքուն կերպով և, ըստ էության, համաձայնել է դրան, վերոնշյալ տարբերակներից երկրորդին (մաքսակետերի տեղադրում թե «Զանգեզուրի միջանցքի», թե Լաչինի միջանցքի երկու կողմերում), հակառակ պարագայում, առանց այդ սկզբունքային, վճռորոշ, Արցախի և Հայաստանի համար ճակատագրական հարցի լուծման, այսինքն` իր առաջադրած պայմանից Ալիևի հրաժարման, բրյուսելյան եռակողմ հանդիպման ընթացքում չէր կարող ու չպետք է պայմանավորվածություն ձեռք բերվեր երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացը շարունակելու վերաբերյալ:

Վերը նշված համաձայնության ձեռքբերման մասին պաշտոնապես հայտնվել է  ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, այնպես էլ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հողատուի` ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: Ավելին. Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարությունում ուղղակի նշված է.

«Նախագահ Միշելը նաեւ ընդգծել է Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը»:

Սա ուղղակի վկայությունը պետք է համարել Ալիևի առաջադրած պայմանին Նիկոլի տված համաձայնության, որի աղետալի հետևանքները վերն արդեն մասամբ ներկայացրեցինք: Հակառակ պարագայում Նիկոլ հողատուն թող բրյուսելյան եռակողմ և երկկողմ հանդիպումներից հետո հրապարակայնորեն ու պաշտոնապես հայտարարի, որ Շառլ Միշելի նշած փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցները կիրառելի են լինելու միմիայն Սյունիքով Ադրբեջանին ու Նախիջևանին միմյանց հետ կապող, ինչպես նաև Հայաստանին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքներով Ռուսաստանի և Իրանի հետ կապող ճանապարհների սահմանային հատվածներում, և որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի սահմանային ու մաքսային հսկողություններն ուղղակի բացառված են:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան