Էլի եմ ասել` Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, պատերազմից հետո էլ այն շարունակվում է. 12

Սկիզբը` այստեղ

Այս տարվա մարտին Livenews.amհրապարակումներից մեկը  ներկայացրեց Նիկոլ հողատուի ծրագրի դեռ անավարտ կետերը`

1) Ռուսաստանից անջատումը։

2) Մուտքը դեպի արևմտյան աշխարհ և ՆԱՏՕ-ի կազմ:

3) Մեղրիի միջանցքի կամ Մեղրիի տրամադրումը թշնամուն, հնարավոր է նույնիսկ` ողջ Սյունիքի:

4) Հայաստանի թրքացումը։

Նույն հրապարակման մեջ նշված էր նաև.

«Մեր հասարակության անգետ անդամներին միգուցե թվա, թե ՆԱՏՕ-ի պաշտպանությունը փոքր Հայաստանին երաշխավորում է խաղաղություն, իսկ բանակի կրճատումն առանց պարտադիր զորակոչի. բարձր աշխատավարձով, համով ուտելիքներով ապահովված 15 000-անոց կորպուսի առկայություն, սակայն իրականում Հայաստանից Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի դուրս գալուց հետո մեր երկիրը կդառնա իդեալական պլսցդարմ՝ Իրանին ՆԱՏՕ-ի հնարավոր հարվածի համար: Ադրբեջանի տարածքից հարվածները հղի են Ադրբեջանի համար ծանր և անուղղելի հետևանքներով, քանի որ այդ հարվածներին Իրանից հզոր պատասխան կտրվի, իսկ անպաշտպան Հայաստանը, որի վրա կախված կլինի ոչ թե մեկ, այլ առնվազն երեք դամոկլյան թուր, ստիպված կլինի ենթարկվել, համաձայնել, անել այն ամենը, ինչ նոր «դաշնակիցները» կասեն իրեն:

Ամենափոքր անհնազանդության դեպքում Անկարան և Բաքուն Երևանին սիրով ցույց կտան, որ անհրաժեշտ է լիարժեք և լիովին կատարել «ավագ գործընկերների» կամքը, հակառակ պարագայում հետևանքները ծանր են լինելու»:

Ինչպես նշել ենք հոդվածաշարի նախորդ մասում, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած և հակառուսական, հակաչինական, հակաիրանական ուղղվածություն ունեցող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին (ս. թ. դեկտեմբերի 9-ին և 10-ին) Հայաստանի մասնակցության հրավերը Նիկոլ հողատուի կողմից ընդունելը, ինչի մասին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը հայտարարեց նոյեմբերի 16-ին, չէր կարող հետևանքներ չունենալ ի վնաս Հայաստանի, արդեն իսկ ունեցել է և առաջիկայում էլ, հավանաբար, դեռ կունենա, եթե նկատի ունենանք, որ Նիկոլն արհամարհելով նշված համաժողովին չմասնակցելու հորդորները, մասնակցեց տվյալ միջոցառմանը: Ահավասիկ…

Դեկտեմբերի 8-ին` հենց գագաթնաժողովի նախօրեին, հրապարակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` համանախագահող երկրների արտգործնախարարների մակարդակով ընդունված հայտարարությունը  ԼՂ հակամարտության վերաբերյալ:

«Համանախագահող երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և վերահաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի, ինչպես նաև հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների մեջ»,- նշված է համանախագահների հայտարարության մեջ:

Ոմանք հավանաբար կզարմանան` ինչպե՞ս թե… Եվ կհարցնեն` այն պայմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս. թ. մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածքներ, օկուպացրել դրանք, խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում են դուրս գալ օկուպացրած տարածքներից, Արդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զինված ուժերը պատերազմին հաջորդած ժամանակաընթացքում բազմիցս հանդես են եկել Հայաստանին ուղղված սպառնալիքներով, սադրիչ հռետորաբանությամբ, հայտարարություններով ու գործողություններով` հայկական կողմին թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում պատճառելով բազմաթիվ զոհեր զինծառայողների և քաղաքացիական անձանց շրջանում, վիրավորել, գերեվարել տասնյակ անձանց, և այն դեպքում, երբ դեռ թարմ են նոյեմբերի 16-ի իրադարձություններն ու դրանց հետևանքները, Մինսկի խմբի համանախագահներն առաջինը Հայաստանի՞ն են ուղղել վերոնշյալ կոչը… Բա ռուսական կողմի համանախագահ Սերգեյ Լավրովն ինչո՞ւ է համաձայնել հայտարարության վերոնշյալ շարադրանքին:

Այո, առաջին հայացքից արդարացի հարցադրում է, բայց այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ հողատուին: Բա ի՞նչ էիք կարծում` նրա կողմից հակառուսական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելը Հայաստանի համար պետք է անհետևա՞նք լիներ…

Ի վնաս Հայաստանի պետք է մեկնաբանել նաև այն, որ հիշյալ հայտարարությունում որևէ խոսք չկա ԼՂ հակամարտությունն ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման միջազգային իրավունքի հայտնի և հիմնարար սկզբունքների հիման վրա լուծելու անհրաժեշտության կամ իրենց հետագա գործունեության ընթացքում նշված սկզբունքներով Մինսկի խմբի համանախագահների առաջնորդվելու մասին: Խնդրեմ` սա էլ Նիկոլի, նրա քաղաքական թիմի, իշխանության, շրջապատի բազմաթիվ անձանց հակառուսականության հերթական հետևանքներից մեկը:

«Թավշյա հեղափոխություն» կոչվածից և, հատկապես, ՔՊ-ի «հաղթանակ» հռչակած ԱԺ 2021թ. արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում Նիկոլի քաղաքական թիմի և իշխանության մի շարք անդամների, Արևմուտքի ազդեցության գործակալ անձանց, բազմաթիվ ԶԼՄ-ների, «Սասնա ծռեր», «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչված և այլ կազմակերպությունների կողմից գնալով առավել սաստիկ կերպով ծավալվող, լկտի և ագրեսիվ բնույթ ստացող հակառուսական քարոզչության նպատակը հասարակական կարծիքի նախապատրաստումն է ՀԱՊԿ կազմից Հայաստանի դուրս գալուն, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելուն, 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելուն և, ի վերջո, ՆԱՏՕ-ին դիմելուն` նշված կազմակերպությանն անդամակցելու համար: Կարճ ասած, նրանց նպատակը Հայաստանը «ժողովրդավարական» ԱՄՆ-ի և Արևմուտքի գրեթե լիակատար գաղութ դարձնելն է:

Վերոնշյալ գործունեությամբ զբաղվողներին բնավ չի հետաքրքրում, որ դրանից հետո ՆԱՏՕ-ն կարող է մի փոքր հապաղել` Հայաստանին իր շարքերն ընդունելու հարցում (իսկ ի՞նչ երաշխիք կա, որ չի հապաղելու…), մինչև իր առանցքային անդամներից մեկը` Թուրքիան, Հայաստանի ու հայերիս հարցը մի քանի ժամում կլուծի թուրքավարի` մի նոր ցեղասպանությամբ վերջնականապես վերացնելով իր պանթուրքական ծրագրի իրագործման ճանապարհին եղած խոչընդոտը: Ինչպես Թուրքիային, այնպես էլ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին Հայաստանը պետք է առանց հայերի:

Եթե Հայաստանը նույնիսկ ժամանակին, մինչ Թուրքիայի ներխուժումն ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում, ինչը գրեթե բացառված է, ապա մեր երկրին, «լավագույն» դեպքում, սպասվում է թուրքական վիլայեթի վերածվելու նվաստացուցիչ, դառը և վերջնարդյունքում հայի համար կործանարար ճակատագիրը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան