Իրանը «3+3» ձևաչափով հանդիպմանը կոչ է արել խուսափել աշխարհաքաղաքական փոփոխություններից

Եվրասիական երկրների դեպարտամենտի գլխավոր տնօրեն, ԱԳ նախարարի օգնական Ալիռեզա Հաղիղյանն ասել է, որ «3 + 3» ձևաչափով հանդիպմանը Թեհրանն ընդգծել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու և աշխարհաքաղաքական որևէ փոփոխությունից խուսափելու անհրաժեշտությունը։

Հաղիղյանն ասել է, որ ուրբաթ օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Իրանը պաշտպանել է «3+3» ձևաչափը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը հատկապես առևտրատնտեսական, տրանսպորտային և տարանցիկ ոլորտներում։ Գրում է IRNA գործակալությունը։ 

Նա նշել է, որ «3 + 3» ձևաչափը համահունչ է Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը։ «Իրանը կարծում է, որ տարածաշրջանային խնդիրներն ու մարտահրավերները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի պետությունների կողմից»,- ասել է նա։

Ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել  «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի արտգործնախարարության գլխավոր տնօրենի համանախագահությամբ։