Բաքվի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անսպասելի էր Հայաստանի իշխանությունների համար․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար: «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են:

«Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր: Ենթադրվում էր, որ մոտ օրերը մենք կշարունակենք աշխատանքային խմբի աշխատանքը: Հուսով եմ, որ իրադրությունը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքն այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն իսկ համաձայնեցված են»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչև հիմա անցել են կառուցողական երկխոսության ձևաչափով»: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը «փոխըմբռնում են ունեցել երկաթգծային ենթակառուցվածքի վերականգնման ու ապաշրջափակման հարցերով»: «Նաև կար ընկալում, որ ճանապարհների ինքնիշխանությունը պատկանելու է այն երկրներին, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհները, իրենց հերթին, լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով դրանք անցնելու են: Այլ հարցերով դեռևս մնում են նրբերանգներ»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում: