ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, աջակցություն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը։

ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակվել է համանախագահ երկրների  հայտարարությունը, որտեղ կողմերին կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, որոնք սկսվել են սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումներով, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ խթանելու տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը։

«Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից, իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունների դրույթները։

Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ հստակ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերում, այդ թվում՝ ձերբակալվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի, պատմամշակութային վայրերի պահպանության հարցերում, կառուցողական կերպով աշխատել առկա այլ խնդիրների կարգավորման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանազատումը և սահմանագծումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը:

Համանախագահ երկրները նաև մտահոգություն են հայտնում Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի վերաբերյալ, վերահաստատում, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը և սպառնալիքն անընդունելի են։

Համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին նաև հիշեցնում են, որ ստանձնել են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու պարտավորություն, կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ միջազգային մարդասիրական կազմակերպությունների և բնակչության մուտք գործելու հետ կապված բոլոր սահմանափակումները:

Համանախագահ երկրները խրախուսում են կողմերին ընդունել համանախագահներին տարածաշրջանում  հնարավորինս շուտ՝ թույլ տալով նրանց առաջին ձեռքից և տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների կյանքի կոչման գործում և համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ:

Նրանք նաև վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին և կողմերին խրախուսում են լիարժեք համագործակցել նրա հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ, իրենց մանդատի համաձայն, գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի կամ դրանից բխող այլ խնդիրների համար,  նպաստելու Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա»,- նշված է հայտարարության մեջ։