Կանոնավոր երթուղիների սպասարկման տարեկան վճարները կփոխարինվեն միանվագ պետական տուրքով

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունները երթուղին սպասարկելու համար իրավունք ստանալուց հետո պետական տուրք կվճարեն ոչ թե ամեն տարի, այլ ընդամենը մեկ անգամ:  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հիշեցրեց, որ մինչև 2014 թվականը կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման  գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր: Լիցենզիան տրվում էր անժամկետ, որի համար սահմանված էր 100 հազար դրամ տարեկան պետական տուրք: 2014-ին իրականացված փոփոխության արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ տարեկան պետական տուրքի պահանջը պահպանվել է: Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով տարբեր ոլորտներում անժամկետ լիցենզիայի պահանջով գործունեություն իրականացնելու համար սահմանված է տարեկան պետական տուրք, իսկ հստակ ժամկետով գործունեություն իրականացնելու, լիցենզավորման կամ թույլտվության տրամադրման համար՝ մեկանգամյա տուրք ամբողջ ժամանակահատվածի համար: Նույն մոտեցումն է ցուցաբերվում կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է տարեկան պետական տուրքը փոխարինել սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով: Այսինքն` տուրքը կլինի ոչ թե տարեկան, այլ մեկանգամյա:

«Երբ կազմակերպությունը ստանում է թույլտվություն որոշակի ժամկետով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու, մուծում է 100 հազար դրամ պետական տուրք և այլևս չի վճարում»,-ասաց փոխնախարարը, նշելով, որ սրանով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ֆինանսական բեռը կթեթևանա: