Մուրճը Փաշինյանի ձեռքից փրկենք, քանի դեռ չի ջարդել կամ կորցրել

Տարիներ առաջ, երբ Հայաստանում դեռ հատուկենտ մարդիկ անհատական համակարգիչ ունեին, ընկերոջս հետ գնացինք շատ բարձրաստիճան մի պաշտոնյայի տուն իրենց համակարգիչը նորոգելու: Երեկոյան ժամ էր, տանտերը առավել քան հյուրընկալ էր՝ չնայած ամեն ինչում, անգամ ուտելիքում, աչք էր ծակում հարստության և այսպես ասած քաշի ցուցադրության նպատակը: Ինչևէ, մինչև հաց չկերանք, թույլ չտվեց նույնիսկ համակարգիչը տեսնենք: Հետո գնացինք իր աշխատասենյակ, մարդը հոգ էր տարել՝ սեղանին անգամ մուրճ կար, կարճ ասած բոլոր գործիքները, որ անհրաժեշտ են մեքենա վերանորոգելու համար, ըստ որում, սովետական:

Կարճ կապեմ, եթե համակարգիչը վերանորոգում ես մուրճի օգնությամբ, ապա ավելի խելամիտ է մտածել ոչ թե համակարգիչը, այլ մուրճը չջարդելու մասին:

Արդեն տևական ժամանակ է, որ հայկական հանրային-քաղաքական դաշտի քննարկման գլխավոր թեմաներից են Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծումը, տրանսպորտային միջանցքների, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխճանաչումը: Իրավիճակը, որ ունենք, շատ նման է վերևում նկարագրված կենցաղային իրավիճակին, երբ մեզ առաջարկվում էր մուրճով համակարգիչը սարքել:

Ընտրությունների ժամանակ Փաշինյանը ուր գնում մուրճ, իր բառերով չագուճ էր թափահարում: Հասնում ենք մի իրավիճակի, որ ձեռքբերում կարող է դառնալ այդ մուրճը նրա ձեռքից փրկելը, քանի դեռ չի ջարդել կամ կորցրել:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից