Փաշինյանի ընկերոջը նշանակում են ԺՊ, որովհետև մեր համայնքի ղեկավարը չի ցանկացել դառնալ ՔՊ-ական. Բյուրականի բնակիչ

Սա քաղաքական որոշում է. կան քաղաքական որոշումներ, որոնք գյուղին չեն վերաբերում. գյուղն իր ավանդույթներն ունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Բյուրական համայնքի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Բյուրականի արդեն նախկին ղեկավար Զարզանդ Բաբայանը:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրացել է, և համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել Ռադիկ Գևորգյանը, որը գյուղի բնակիչ չէ, նրան գյուղացիները չեն ճանաչում և դեմ են։ Համայնքին  ներկայացել է որպես վարչապետի ընկեր։

Համայնքի նախկին ղեկավարի խոսքով, պաշտոնակատարն իր կապերն է օգտագործում, որ լինի համայնքի ղեկավարը, երևի նաև այսպես հենց իրենից են ուզում ազատվել: Միաժամանակ հավելեց՝ ոչ մեկի հետ խնդիրներ չունի:

«Բոլոր իշխանությունների ժամանակ ես երբեք իմ ժողովրդից չեմ անջատվել, եղել են դեպքեր, որ դեմ եմ գնացել իշխանություններին հատուկ Բյուրականի ժողովրդի համար, քանի որ իրենք չեն պատկերացնում Բյուրականի խնդիրները: Այստեղ կոմունիկացիան կենտրոնացած չէ, եթե մեկ օր չհետևես գյուղի կոմունիկացիային, կատաստրոֆա կլինի»,- ասաց Զարզանդ Բաբայանը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ վարչապետի ընկեր Ռադիկ Գևորգյանին նշանակում են համայնքի ղեկավար նրա համար, որովհետև Բյուրականի նախկին ղեկավարը չի ցանկացել դառնալ ՔՊ անդամ: