Ռուսաստանը բացահայտ խոսում է Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրթիռային ծրագրերը զսպող նորագույն միջոցի մասին

Մինչ Երևանում շարունակվում է «ժողովրդավարություն» խաղը և իշխանությունների ու ընդդիմության «մանևրները», աշխարհում տագնապալի փոփոխություններ են կատարվում։ Այսպիսով, նոյեմբերի 1-ին փչել է թերևս արմատական ցնցումների քամին, քանի որ հայտնի է, որ ցանկացած գործողություն (որ մի կողմից էլ այն չձեռնարկվի…) առաջացնում է հակազդեցություն։

Վաղուց է հայտնի, որ Ռուսաստանը Ս-500 զենիթահրթիռային համակարգեր ունի։ Իսկ պարոն Ժիրինովսկուց աշխարհը ժամանակին իմացել է, որ արդեն կա նաև Ս-600-ը… Եվ, այնուամենայնիվ, երբ նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավարության և երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի (ВПК) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անվերապահորեն հայտարարել է, որ Ս-500 զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) շուտով կսկսեն մատակարարվել ՌԴ Զինված ուժերին, հետաքրքիր էր, ինչպես են արձագանքելու Արևմուտքն ու Իսրայելը։ «Հայտնի են նաև ԱՄՆ-ի ծրագրերը՝ Եվրոպայում միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու մասին, ինչը նույնպես մեծ վտանգ ու սպառնալիք է մեզ համար։ Հետևաբար, ավելի վաղ ընդունված որոշումների համաձայն, առաջիկա տարիներին զորքերին կմատակարարվեն ավելի քան 200 թռչող սարքեր և 26 Ս-350 և Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև նորագույն Ս-500-ի արտադրության առաջին նմուշը կամ առաջին արտադրական նմուշները»,- նշել է նախագահ Պուտինը։ ՀՕՊ նորագույն համակարգերի փորձարկումների հաջող ավարտի մասին նա հայտարարել էր դեռ այս տարվա մայիսին։ Այնուհետև նա նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերում զենիթահրթիռային գնդերի ավելի քան 70%-ը վերազինվել է ժամանակակից С-400 համակարգերով։ Այսպիսով, «Ռուբիկոնը հատվել է»՝ երկար տարիների «քողարկումից» հետո Ս-500-ները անվանվել են Ռուսաստանի ողջ ՀՕՊ/Հակահրթիռային պաշտպանության համակարգի ակտիվ բաղադրիչ։

Հենց նոյեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը Սոչիում ռազմական համաժողովների շարք է սկսել։ Առաջին նիստը նվիրված էր օդատիեզերական ուժերին և ռազմածովային նավատորմին։ Անցած ամիս հայտնի դարձավ, որ Ս-500 բրիգադի առաջին հավաքածուն հանձնվել է օդատիեզերական ուժերի 15-րդ հատուկ նշանակության զորքերին, որոնք ընդգրկում են Մոսկվան և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական արդյունաբերական շրջանը։ Եվ մենք հայտնել ենք այդ մասին։ Հետևաբար, այն փաստը, որ նոյեմբերի 1-ին անձամբ Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է այս փաստը, հուշում է, որ ռուսները լրջորեն վախենում են «թեժ» պատերազմից կամ «թեժ» ռազմական բախումից, որի դեպքում կանխատեսվում են Ռուսաստանի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը «ճեղքելու» զանգվածային փորձեր։

Ս-500 («Պրոմեթեյ») հակաօդային պաշտպանության համակարգը պատկանում է նոր սերնդի «հող-օդ» պաշտպանության համակարգերին։ Այն հեռահար և մեծ բարձրության հակահրթիռային պաշտպանության ներուժ ունեցող բազմակողմանի համալիր է և ունակ է որսալ բալիստիկ հրթիռներ: Համակարգը խոցում է ոչ միայն բալիստիկ, այլև աերոդինամիկ թիրախներ (ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլն), ինչպես նաև թևավոր հրթիռներ։ Ս-500-ի ոչնչացման շառավիղը մոտ 600 կիլոմետր է։ Ենթադրվում է, որ համակարգը կարող է հայտնաբերել և միաժամանակ խոցել մինչև 10 բալիստիկ գերձայնային թիրախներ, որոնք թռչում են վայրկյանում մինչև 7 կիլոմետր արագությամբ, այդ թվում՝ գերձայնային հրթիռների մարտագլխիկները։ Փաստորեն, նոյեմբերի 1-ին խոսելով հակաօդային պաշտպանության այս համակարգի մասին՝ Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրթիռային ծրագրերը զսպելու նորագույն միջոցները։ Ժամանակային հետաքրքիր զուգադիպությամբ նոյեմբերի 1-ին էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ը շարունակել են ուժեղացնել իրենց ռազմական զորակազմը Սիրիայի օկուպացված հատվածում։ Սակայն դեռ վաղ է ենթադրել, որ, օրինակ, Երրորդ համաշխարհային պատերազմը վաղ թե ուշ կսկսվի հենց Սիրիայի պատճառով։ Թեև, ըստ հնագույն աղբյուրների, «աշխարհի վերջի»՝ տխրահռչակ Արմագեդոնը գտնվում է ինչ-որ տեղ Սիրիայում կամ այդ երկրի մոտակայքում… Այո, այո, հենց «Ապոկալիպսիսում» հիշատակված բարի և չար ուժերի վերջին ճակատամարտի վայրը Ժամանակի վերջում:

Սերգեյ Շաքարյանց