Նիկոլը, նիկոլենք մեր կյանքում ի՞նչը չեն հարամել, որ Ամանորը, Սուրբ ծնունդն ու Մեռելոցը չհարամեն. 2

Ի՞նչ թոռնիկ, որ պապիկին չգերազանցի, ի՞նչ աշկերտ, որ վարպետին չգերազանցի

 

Սկիզբը` այստեղ

Ոմանք, ինչպես ասում են, դեռ տաք են, հոդվածի վերնագրով արտահայտվածը դեռ չեն գիտակցում: Ավելին. «հարամել»-ը դեռ շատ մեղմ է գրված, դեռ շատ մեղմ բնորոշումն է նրա, ինչը սպասվում է բոլորիս առաջիկա Ամանորին:

Իսկ մեզ սպասվում է մի մղձավանջ` հունվարի 1-ին հատկապես Երևանում փողոցների առավել մեծ, երկարատև խցանումների, շտապողականության հետևանքով առանց այն էլ մեծաթիվ ավտովթարների բազմապատկման հետևանքով, քանի որ թուրքական կառավարության (դրան դժվար է հայկական կամ Հայաստանի կառավարություն անվանելը) օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է այսուհետ յուրաքանչյուր տարվա հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը դարձնել աշխատանքային օրեր, ինչի հետևանքով շատերը միայն 1 օր են ունենալու (հունվարի 1-ը)` իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին այցելելու, նրանց Ամանորը շնորհավորելու, հյուրեր ընդունելու համար:

Կարող են նաև միմյանց տուն չայցելել, Ամանոր ու Սուրբ Ծնունդ չշնորհավորել, ավելի ճիշտ, շնորհավորել հեռախոսով, սոցիալական ցանցերով, ոմանք թերևս այդպես էլ կվարվեն, բայց… Կյանքն, առանց վերը նշվածի էլ, առաջվանը չէ, հարազատները, բարեկամները, ընկերները տարբեր պատճառներով հաճախակի չեն այցելում միմյանց տուն, ինչպես խորհրդային տարիներին (իհարկե, բացառություններ կան, բայց դրանք միայն օրինաչափությունն են հաստատում):

Նոր տարին, վերոնշյալ տոները, սակայն, այն տոներն են, որոնց ընթացքում նրանք, անկախ նրանից` տարվա ընթացքում այցելել են միմյանց, թե ոչ, հանդիպում են իրար, ընդ որում, ոչ թե դրսում, սրճարանում կամ մեկ այլ տեղ, այլ տանը, ընտանեկան ջերմ և անմիջական միջավայրում:

Դե, իհարկե, Սատանան ձգտում է, որ մարդկանց միջև մարդկային կապերը, շփումները, հարաբերությունները վերանան, և երկրի վրա այդ առումով նույնպես գտել է իր կամքը կատարողների: Ոչ միայն գտել է, այլև ջեկ փոթ է շահել. Նիկոլը, նիկոլենք Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը, որը  նշվում է հունվարի 7-ին և այս պահին դեռ գործող «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ոչ աշխատանքային օր է, նշված օրենքի փոփոխությամբ (եթե իրենց մտադրությունից չհրաժարվեն, ինչը քիչ հավանական է) դարձյալ դարձնում են աշխատանքային օր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ազգային ժողով» կոչվածն իր ՔՊ-ական կամ նիկոլական մեծամասնությամբ հոկտեմբերի 26-ին հապճեպորեն, առանց հանրային պատշաճ քննարկման, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված հիշյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առողջապահության նախկին նախարար, Նիկոլի մտերիմներից ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը նշված օրենքի (փոփոխության) նախագիծն ասպարեզ բերելը փորձեց արդարացնել այնպիսի օրենք ունենալով, որը քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունի, այսինքն` ի ցույց դրեց իր անտեղյակ լինելը կամ պարզապես ստեց:

Անդրադառնալով Հայաստանի պետական տոնացույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոների և հիշակատակի օրերի ընգրկվածությանը, համեմատական կերպով ներկայացրել ենք աշխարհիկ տոների հետ քանակական տարբերությունը, ինչպես  նաև նույն հարցի հետ կապված վիճակը քաղաքակիրթ աշխարհի խորհրդանիշներից համարվող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գերմանիան և Ավստրիան։ Այդ առումով խոսուն են նաև Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների օրինակները:

Ֆրանսիայում նշվող շուրջ մեկ տասնյակ տոների մեծ մասը եկեղեցական տոներ են, ինչպես, օրինակ, Համբարձումը, Հոգեգալուստը և նրան հաջորդող երկուշաբթի` Վերափոխումը, Բոլոր սրբերի տոնը, Սուրբ Ծնունդը։ Ռումինիայում 13 տոներից 8-ը եկեղեցական են և ոչ աշխատանքային։ Լեհաստանում 23 տոներից 13 եկեղեցական են, որոնցից 5-ը` ոչ աշխատանքային։

Վրաստանում 17 ոչ աշխատանքային օրերից 10-ը (59%) եկեղեցական տոներ են, դրանք են` Սուրբ Ծնունդը (հունվար 7), Աստվածհայտնության տոնը (Քրիստոսի մկրտությունը, նշվում է հունվարի 19-ին), Հարության տոները (4 օր շարժական)` Ավագ Ուրբաթը, Ավագ Շաբաթը, Զատկական Կիրակին, Հարության Մեռելոցը, Սուրբ Անդրեաս առաքյալի տոնը (մայիսի 12), Սուրբ Աստվածածնի ննջման /վերափոխման/ տոնը (օգոստոսի 28), Քրիստոսի քիտոնի /զգեստի/ տոնը (հոկտեմբերի 14), Սուրբ Գևորգի տոնը (նոյեմբերի 23):

Համեմատության համար նշենք, որ Վրաստանում 16 ոչ աշխատանքային տոներից աշխարհիկ տոներն ընդամենը 6-ն են` Ամանորը (հունվար 1-2), Մայրերի տոնը (մարտի 3), Կանանց տոնը (մարտի 8), Ազգային միության օրը (ապրիլի 9), Հաղթանակի օրը (մայիսի 9), Վրաստանի անկախության տոնը (մայիսի 26): Եվս մեկ ոչ աշխատանքային` հիշատակի օր է:

ՀՀ-ն ունի ընդհանուրը 11 տոն և հիշատակի օր, որոնք ընդգրկում են 16 ոչ աշխատանքային օր, դրանցից եկեղեցական են, եկեղեցու կողմից նշվում են միայն 2 տոն` հունվարի 5-ը (Նախածննդյան տոն) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), և 1 հիշատակի օր` Սուրբ Ծննդյանը հաջորդող Մեռելոց հիշատակի օրը: Նիկոլի իշխանությունը եկեղեցական տոներից ոչ աշխատանքային է թողնում միայն հունվարի 6-ը, Մեռելոց հիշատակի օրն էլ վերածում է աշխատանքային օրվա:

Բացառված չէ, որ իրենց հակաքրիստոնեական կեցվածքով հայտնի պաշտոնյաները, եթե չհեռացվեն իշխանությունից, մի որոշ ժամանակ հետո հունվարի 6-ն էլ վերածեն աշխատանքայինի: Կարծում ենք, այս շարքից է նաև անցած Զատկին ձվի արհեստական դեֆիցիտի ստեղծումը և քրիստոնյաների մեծամասնության Զատիկը հարամելը: Հիշո՞ւմ եք, չէ, որ Նիկոլը խոստացել էր եկեղեցականներին ծնկի բերել բառի թե ուղղակի, թե փոխաբերական իմաստով: Իմացեք, որ դա վերաբերվում է նաև բոլոր նրանց, որոնք քրիստոնյա են ոչ թե ձևականորեն, այլ իրականում:

Հավանաբար հիշում եք նաև, թե մեր արժանապատիվ հոգևորականներից մեկն ինչպես անարգեց Նիկոլին` նրա ձեռքը չսեղմելով, բարևը չընդունելով ու մեջքով շուռ գալով երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրածի կողմը: Քինախնդիրը հիմա, ամեն ինչից զատ, կարծում ենք, իր մուռն է հանում Եկեղեցուց…

«Երկրորդը, երբ որ ասվում է 31-ը և 1-ը քիչ ա, ուզում եմ հիշեցնել, որ արանքում միշտ շսբաթ, կիրակիներ են լինում, հարգելի քաղաքացիներ, միշտ 5 օրից հետո լինում է շաբաթ, կիրակի, որը ոչ մեկ չի չեղարկել, և, օրինակ, 21-ից 22 թվերին մենք ունենք 31, 1 և հետո կիրակի, այսինքն` մենք, այնուամենայնիվ, ունենալու ենք շաբաթ և կիրակի, այսինքն` մենք ունենալու ենք 3 օր, նույնը, օրինակ, 22, 23 թվերին, մենք ունենք` 6, 7, 8` ոչ աշխատանքային օրեր, հետևաբար եկեք, իրոք էլի, աշխատանքի, աշխատանքի խրախուսումով զբաղվենք և ոչ թե ծուլության խրախուսումով, ինչը դրդում ա էսօր եղած տոների և հիշատակների մասին օրենքի կարգավորումները»,- «Ազգային ժողով» կոչվածում փորձելով հիմնավորել նոր օրինագծի ընդունումը, ասաց Արսեն Թորոսյանը:

Դժվար չէ համոզվել, որ սա Նիկոլի իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից կեղծիքի ու մանիպուլյացիայի հերթական դրսևորումն է: Նախ, արանքում միշտ չէ, որ շսբաթ, կիրակիներ են լինում, ինչպես Թորոսյանը ներկայացրեց: 2022թ., այո, հունվարի 1-ից հետո 2-ը կիրակի է, ոչ աշխատանքային օր, բայց, օրինակ, 2023թ. և այլ տարիների հունվարի 1-ին հաջորդող օրերը շաբաթ, կիրակի չեն, հետևաբար աշխատանքային են (օրինակ, 2023թ. հունվարի 2-ը երկուշաբթի է):

Թորոսյանն անտեսում է նաև, որ մենք, թեկուզ, 2021- 2022թթ., 3 ոչ աշխատանքային օր չենք ունենալու` միմյանց տուն այցելելու, Ամանոր ու Սուրբ Ծնունդ շնորհավորելու համար, քանի որ դեկտեմբերի 31-ն, ընդհանրապես, այդ նպատակով չի օգտագործվել ու չի օգտագործվելու:

ՔՊ-ական կամ նիկոլական սույն պատգամավորը ստում է նաև` հայտարարելով, թե «օրինակ, 22, 23 թվերին, մենք ունենք 6, 7, 8` ոչ աշխատանքային օրեր», որովհետև 2022թ. հունվարի 7-ն ուրբաթ է  և աշխատանքային:

Զավեշտական է, երբ լիկբեզի կարիք ունեցող Թորոսյանն ինքն է լիկբեզով զբաղվում ու հանրությանը «բացահայտում» կամ բացատրում, որ «միշտ 5 օրից հետո լինում է շաբաթ, կիրակի»: Սովորաբար թաղային հեղինակություններին բնորոշ ժարգոնային «հայերենով» ԱԺ կոչվածի ամբիոնից ելույթ ունեցած սույն անձը, հավանաբար, շատ մեծ կարծիք ունի իրենց մասին ու կարծում է, որ եթե ուզենան, շաբաթ, կիրակին էլ կարող են չեղարկել, այսինքն` հանգստյան օրերից վերածել աշխատանքային օրերի, պարզապես Հայաստանի ոստիկանական բռնապետության աշխատող քաղաքացիներին լավություն են անում…

Ընթերցողներին հավանաբար կհետաքրքրի, թե նիկոլենց կողմից հիմա փոփոխվող, 2001թ. ընդունված վերոնշյալ օրենքից  առաջ գործած, Լևոն Տեր- Պետրոսյանի նախագահության շրջանում ընդունված համանուն օրենքով  Ամանորը նշելու համար ոչ աշխատանքային քանի օր էր հատկացված: Պարզվում է, 3 օր` դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 2-ը (հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն աշխատանքային էին), այսինքն` 2-ը նույնպես ոչ աշխատանքային էր: Նիկոլենք 2-ն էլ դարձնում են աշխատանքային, այստեղ են ասել` ի՞նչ թոռնիկ, որ պապիկին չգերազանցի, ի՞նչ աշկերտ, որ վարպետին չգերազանցի… Չեմ հարցնի, թե որտեղի՞ց ձեզ այդքան չարություն, գոնե ես այդ հարցի պատասխանը գիտեմ:

 

Արթուր Հովհաննիսյան