Բարձրանալիս տեսնում է, որ դեպի ծուղակն են գնում․ վարորդին բղավում է՝ հետ քշի, բայց ավաղ արդեն ուշ էր․․․

Սարգիս Պողոսյանը պատերազմից վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի 15-ին։ Կինը խնդրել էր՝ ինչ կլինի, եթե մեզ սիրում ես, տուն արի։ Պատասխանել էր՝ բոլոր տղամարդկանց սերն իրենց կանանց հանդեպ սկսվում է հայրենի հողից, եթե ես ձեզ էստեղ չպաշտպանեմ ու չսիրեմ, թուրքը մտնելու է մեր տուն։

39-ամյա Սարգիսը կյանքի 13 տարին նվիրել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կապի վարչությունում ծառայելուն։ Կնոջ խոսքով՝ կապի իսկական մասնագետ էր, այնքան բանիմաց իր գործում, որ ընկերներն ասում էին՝ մի կապ, մի Սաքո։

«Իր ծառայության բնույթն այնպիսին էր, որ նա չպետք է լիներ այնտեղ, որտեղ պատերազմի օրերին էր։ Սարգսը մեծ հայրենասերի մարմնացում էր և միշտ ասում էր, որ պատիվ է, երբ մարդ կյանքը տալիս է հանուն հայրենիքի», – ասում է կինը՝ Ռուզաննան և հավելում․ «Սարգիսը իդեալական էր ոչ միայն աշխատանքում, այլ նաև որպես ամուսին, որպես հայր ու որդի, որպես ընկեր․ «Բնավորությամբ այնքան հանգիստ էր, որ իրեն ասում էինք «արջուկ»։ Տեսքով էլ էր արջի նման՝ հաղթանդամ էր, բարձրահասակ։ Այդ հսկա մարմնի մեջ հանգիստ ու անսահման բարի հոգի ուներ»։

Հոկտեմբերի 17-ին Հորադիզի 9-րդ ուղեկալի խցիկներից մեկը գրեթե արդեն գրավված էր թշնամու կողմից, սակայն այնտեղ մեր տղաների համար կարևոր նշանակության տեսախցիկ կար, որի հետևից էլ Սարգիսն ու վարորդը բարձրացել են։

«Բարձրանալիս տեսնում է, որ դեպի ծուղակն են գնում․ վարորդին բղավում է՝ հետ քշի, բայց ավաղ արդեն ուշ էր․ Սարգիսն անմահացավ՝ իր մարմնով փրկելով վարորդին։ Սարգսի մարմինը կարողացել ենք հանել այնտեղից միայն երկու ամիս անց», – պատմում է կինը։

Սարգսի կյանքը շարունակվում է իր ընտանիքում։ Նա երկու աղջիկ ունի՝ 13-ամյա Մարիամն ու 2,5 տարեկան Բիայնան։ Փոքրը հիշում է հորն ու արդեն ճանաչում լուսանկարներում և տեսանյութերում։ Ռուզաննան ասում է․ «Սարգսի սիրելի զբաղմունքը ազատ ժամանակ երեխաներին ինչ-որ տեղ տանելն ու նրանց հետ լինելն էր»։

Փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար իրենց կյանքը և առողջությունը զոհաբերած բոլոր արիներին։ Սարգիս Հմայակի Պողոսյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։ Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար։

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ