Նիկոլը, նիկոլենք մեր կյանքում ի՞նչը չեն հարամել, որ Ամանորը, Սուրբ ծնունդն ու Մեռելոցը չհարամեն

Արցախին ու Հայաստանին մեծ չարիքներ պատճառելուց հետո նույնիսկ, Նիկոլն ու նիկոլենք` Նիկոլի իշխանությունը, չեն հանգստացել, շարունակում են իրենց չարագործությունները հայ ժողովրդի հայաստանաբնակ հատվածի հանդեպ, որի նկատմամբ ընտրակեղծիքներով իշխանության են տիրացել: Այս անգամ, սակայն, նրանց թիրախը մեր ժողովրդի միայն տվյալ հատվածը ու, հատկապես, քրիստոնյա մեծամասնությունը չէ, այլ նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու քրիստոնեությունը: Եվ քչերն է միայն, որ գիտեն ու չեն զարմանա, թե այդ հայ համարվողներին որտեղի՞ց այդքան ատելություն հայ ժողովրդի ու նրա Եկեղեցու նկատմամբ:

2001թ. հունիսի 24-ին ընդունված և առ այս պահը դեռ գործող  «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, Ամանորը և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին նախածննդյան տոներն են, հունվարի 6-ին` Սուրբ Ծնունդը և Հայտնությունը, բոլորն էլ օրենքով ոչ աշխատանքային օրեր են: Ըստ նույն օրենքի հոդված 1.1.-ի, Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին և ոչ աշխատանքային օր է:

«Ազգային ժողով» կոչվածն իր ՔՊ-ական կամ նիկոլական մեծամասնությամբ, ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 26-ին արագորեն, առանց հանրային պատշաճ քննարկման, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Ամանորի և Ծննդյան տոներից ոչ աշխատանքային են համարված միայն դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը, այսինքն` հունվարի 2-ն, ըստ նախագծի, այլևս համարվում է աշխատանքային օր: Ավելին. հունվարի 3-ի, 4-ի և 5-ի նախածննդյան տոները, ինչպես նաև հունվարի 7-ը` Մեռելոց հիշատակի օրը, ընդհանրապես աշխատանքային օրեր են սահմանված:

Նախագծի հիմնավորման մեջ բառ անգամ չկա ու խորամանկորեն շրջանցված է այն իրողությունը, որ վերոնշյալ օրերը հենց քրիստոնեական տոներին ու հիշատակի օրվան են վերաբերվում:

Իշխանության, ՔՊ-ականների ցինիզմը նկատելի է թեկուզ նրանից, որ կառավարության զեկուցողի` «Menu Group»-ի (հանրությանն ավելի շատ հայտնի Menu.am-ով) նախկին ղեկավար, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միակ «կրոնական հիմնավորումն» այն էր, թե մարդիկ տանը մնալով, զբաղվում են որկրամոլությամբ, ինչը քրիստոնեական չէ՝ անտեսելով, որ հենց իրենց առաջնորդը որկրամոլության խորհրդանիշ է, ինչով զբաղվում է թե՛ տոնական, թե՛ աշխատանքային օրերին:

Կառավարության ոչ կրոնական հիմնավորումն էլ այն է, թե օրենքի տվյալ նախագծով իբր լուծում են տնտեսական արդյունավետության խնդիր, քանի որ մի քանի օրով աշխատանքը կհարստացնի բյուջեն։ Իբր թե Հայաստանում այնպիսի մեծ գործարաններ ունենք, որոնց, ընդհանուր առմամբ, 5 օր կանգնելը բյուջեին ինչ-որ էական վնաս կտա: Այստեղ էլ անտեսում են, որ բյուջեին ամենամեծ վնաս տվածներն ու տվողներն իրենք են, ընդ որում, ոչ միայն իրենց անգործությամբ` արդյունաբերության ու գործազրկության խնդիրը չլուծելով, այլև բյուջեի գումարները հաճախ մսխելով, իրենց պարգևավճարներ գրելով և այլն:

Իշխանության վերոնշյալ ցինիզմն ավելի է ընդգծվում օրինագծի հարակից զեկուցող աթեիստ Արսեն Թորոսյանի նշանակմամբ: Խոսքը, ինչպես հասկացաք, ՔՊ-ական պատգամավորի մասին է` ՀՀ առողջապահության նախկին նախարարի ու Նիկոլի քաղաքական թիմում նրա ամենամոտ անձանցից մեկի:

«Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ասեմ, որ իմ մտքով էլ է անցել էս օրենքը ժամանակին ու բազմաթիվ անգամներ,- հավանաբար գիտակցելով, թե ինչ վատ բան են անում ու շփոթմունքից փողկապի հետ «խաղալով», փողկապին հանգիստ չտալով, ասաց Արսեն Թորոսյանը:- Ու իմ համար շատ զարմանալի է, որ մենք նույնիսկ ըսենց պարզ, տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքներում ըսենց, ոնց ասեմ էլի, շատ էժան շահարկումներ ենք անում, շատ էժան: Սկսում ենք ինչ-որ բաների հետ կապել` քրիստոնեական արժենքների, ավանդույթների և այլն…

Ուզում եմ մեր հարգելի հայրենակիցներին մի քանի պարզ բաներ ասել, ուրեմն աշխարհում մենք… Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն… Ուրեմն, ի տարբերություն շատերի, ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելիությունը կամ չպատկանելիությունը: Ուրեմն, հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետությունում ոչ աշխատանքային օրերի թիվը, այդ թվով մենք աշխարհում ռեկորդակիր պետությունների թվին ենք դասվում, էդ բոլորս եկեք ֆիքսենք: Այսինքն` մենք ունենք շատ ոչ աշխատանքային օրեր»:

Սիրելի հայրենակիցնե՞ր… Անկեղծ չէ Թորոսյանը, անկեղծ չէ: Հայրենակիցներն եթե իսկապես սիրելի լինեին, այսպես չէին վարվի: Կարելի է եզրակացնել, որ ատելի են, բայց քանի որ չեն կարող բացահայտորեն դա հայտարարել, իրականությունը շուռ են տալիս և հայրենակիցներին դիմում իբրև սիրելի… Քրիստոնեական արժեքների նկատմամբ Թորոսյանի ու նիկոլենց վերաբերմունքն էլ է նկատելի, ընդ որում, ոչ մեկ օրինակով, հերթականն ԱԺ կոչվածում քրիստոնեական արժեքների նկատմամբ Թորոսյանի արգահատական, արհամարհական վերաբերմունքն էր, ինչպես նաև այդ արժեքները թերևս պղծելու յուրօրինակ փորձը` դրանք անվանելով «քրիստոնեական արժենքներ»:

Ինչ վերաբերվում է Արսեն Թորոսյանի մարտահրավերին` «Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն…», ապա նա թող իմանա, որ հարցեր կան, բազմաթիվ հարցեր, ու մոտ ապագայում դրանք տրվելու են իրեն, և ինքը չի կարողանալու պատասխանել դրանց, փողկապը շուռումուռ տալն էլ չի օգնելու, և ինքը հայտնվելու է չափազանց ծանր վիճակում… Այդ հարցերը վերաբերվելու են նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի խայտառակ ձախողմանը և բազմաթիվ այլ խնդիրների…

Ի դեպ, ընթերցողներից հավանաբար քչերը գիտեն, որ աթեիստը ոչ թե անհավատն է, Աստծո գոյությանը չհավատացողը, այլ աստվածամերժը, աստվածամարտը, ինչպիսին ինքը` Սատանան է, քանզի Սատանան նույնպես քաջ գիտե Աստծո գոյության մասին, բայց Աստծո ախոյանն է, մերժում է նրան, նրա արժեհամակարգը, նրա օրենքները, ծրագիրը, Աստծո դեմ է դուրս եկել, Աստծո դեմ է մարտնչում: Այնպես որ, Թորոսյանը թող սպասի նաև Բարձրյալի կողմից իր աթեիստ լինելու և այդ մասին հպարտորեն հայտարարելու գնահատականին…

Քանի որ ՔՊ-ական պատգամավոր Թորոսյանը հիշյալ օրենքի (փոփոխության) նախագիծն ասպարեզ բերելը փորձեց արդարացնել այնպիսի օրենք ունենալով, որը քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունի, դրա քննադատներին էլ մեղադրեց էժան շահարկումների մեջ, այսինքն` անտեղյակ լինելով կամ ստելով, իրականությունը ներկայացրեց գլխիվայր շուռ տված, փաստենք, թե աշխարհիկ ու կրոնական տոների, աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի առումով ինչ իրավիճակ է Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում, համապատասխան տեղեկություններ հաղորդելով ընթերցողներին, նրանց հնարավորություն տանք համեմատություններ կատարելու:

Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի, Հայաստանում ոչ աշխատանքային օրերը հետևյալն են.

Եկեղեցական`

Սուրբ Ծնունդ` 2 օր (հունվարի 5-6), Սուրբ Ծննդյանը հաջորդող Մեռելոց հիշատակի օր` 1 օր (հունվարի 7):

Աշխարհիկ`

Ամանոր և նախածննդյան տոներ` 5 օր (դեկտեմբերի 31- հունվարի 4), Բանակի օր` 1 օր (հունվարի 28), Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր` 1 օր (ապրիլի 24), Կանանց տոն` 1 օր (մարտի 8), Աշխատանքի օր` 1 օր (մայիսի 1), Հաղթանակի և խաղաղության տոն` 1 օր (մայիսի 9), Հանրապետության տոն` 1 օր (մայիսի 28), Սահմանադրության օր` 1 օր (հուլիսի 5), Անկախության տոն` 1 օր (սեպտեմբերի 21):

Այսպիսով ՀՀ-ն ունի ընդհանուրը 11 տոն և հիշատակի օր, որոնք ընդգրկում են 16 ոչ աշխատանքային օր, դրանցից եկեղեցական են միայն 1 տոն և 1 հիշատակի օր, որոնք ընդգրկում են 3 ոչ աշխատանքային օր: Խոսքը հունվարի 5-ին և 6-ին նշվող Սուրբ Ծննդի և Սուրբ Ծննդյանը հաջորդող Մեռելոց հիշատակի օրվա մասին է:

Ինչպես ակնհայտ է, ՀՀ-ում ոչ աշխատանքային տոներից ու հիշատակի օրերից 19%-ն է միայն եկեղեցական (16-ից 3-ը), մինչդեռ մի շարք եվրոպական երկների պետական տոնացույցներում ոչ աշխատանքային տոների գերակշռող մասը (60-80%-ը)` եկեղեցական են։ Օրինակ, ողջ Ավստրիայում կան 13 ոչ աշխատանքային օրեր, որոնցից ընդամենը 3-ն են աշխարհիկ տոներ` Ամանորը (հունվարի 1), Աշխատանքի օրը (մայիսի 1) և Ավստրայի ազգային տոնը (հոկտեմբերի 26)։ Մնացյալ բոլոր ոչ աշխատանքային օրերը եկեղեցական տոներ են.

– Երեք մոգերի տոն` 1 օր (հունվարի 6),

– Սուրբ Զատիկ` 3 օր (Զատկին նախորդող ուրբաթ, Զատկի կիրակին և երկուշաբթին),

– Համբարձում` 1 օր (Զատկից 40 օր հետո՝ հինգշաբթի),

– Հոգեգալուստ` 2 օր (Զատկից 50 օր հետո՝ կիրակի և երկուշաբթի),

– Հիսուսի մարմնի և արյան տոն` 1 օր (Հոգեգալստին հաջորդող 2-րդ հինգշաբթի),

– Վերափոխում` 1 օր (օգոստոսի 15),

– Բոլոր սրբերի տոն` 1 օր (նոյեմբերի 1),

– Աստվածածնի հղիության տոն` 1 օր (դեկտեմբերի 8),

– Սուրբ Ծնունդ` 2 օր (դեկտեմբերի 24-25),

– Սուրբ Ստեփանոս՝ 1 օր (դեկտեմբերի 26),

Ավստրիայի առանձին մարզերում կամ քաղաքաներում նշվում են նաև տարբեր սրբերի տոներ։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կան 3 աշխարհիկ ոչ աշխատանքային տոներ` Ամանոր (հունվարի 1), Աշխատանքի օր (մայիսի 1), Միավորման տոն (հոկտեմբերի 3), և  շուրջ մեկ տասնյակ եկեղեցական տոներ, որոնցից 4-ը ոչ աշխատանքային են ողջ Գերմանիայի համար, իսկ մնացյալը` առանձին մարզերի։ Դրանք են.

ա. Ողջ Գերմանիայի համար`

1) Սուրբ Ծնունդ` 2 օր (դեկտեմբերի 24-25),

2) Սուրբ Զատիկ` 3 օր (Զատկին նախորդող ուրբաթ, Զատկի կիրակին և երկուշաբթին),

3) Համբարձում` 1 օր (Զատկից 40 օր հետո` հինգշաբթի),

4) Հոգեգալուստ` 2 օր (Զատկից 50 օր հետո` կիրակի և երկուշաբթի)։

բ. Գերմանիայի առանձին մարզերում նշվող տոներ` մեկական օր։

– Երեք մոգերի տոն (հունվարի 6),

– Հիսուսի մարմնի և արյան տոն (Հոգեգալստին հաջորդող 2-րդ հիգշաբթին),

– Վերափոխում (օգոստոսի 15),

– Բոլոր սրբերի տոն (նոյեմբերի 1),

– Աղոթքի և ապաշխարության օր (նոյեմբերի 3-րդ և կամ 4-րդ չորեքշաբթի)։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան