Անձամբ զանգահարել եմ 3 հիվանդանոցների տնօրենների, նախարարների, բայց, ավաղ, ազատ մահճակալներ ու տեղեր չկան․ Ստյոպա Սաֆարյան

Այսօր հեռավոր ազգականս զանգահարեց, ում քույրը ծայրահեղ ծանր է ու սրտակեղեք խնդրում էր, որպեսզի․․․ միջնորդեմ, բարեխոսեմ որևէ հիվանդանոցում նրան տեղավորել․․․ Անձամբ զանգահարել եմ 3 հիվանդանոցների տնօրենների, նախարարների, բայց, ավաղ․․․ Երևանի հիվանդանոցներում ազատ մահճակալներ ու տեղեր չկան։

Լավ հարց էին տալիս՝ ո՞ւմ հիվանդից և ինչո՞ւ պետք է առաջ գցենք ձեր հարազատին։ Թե ինչ կպատահի, հնարավոր կլինի արդյոք նրան բուժօգնություն ցուցաբերել՝ չգիտեմ․․․ Գրասենյակ ետ վերադարձին շենքի մուտքի մոտ հայտնաբերեցինք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հարևաններից մեկի համար ժամանած շտապ օգնության մեքենան․․․

Թե ինչ էր պատահել կամ կպատահի՝ չգւտեմ, բայց շտապ օգնության մեքենայի վարորդը ասաց, որ աղետի մասշտաբները անպատկերացնելի են ու իսկապես ազատ տեղեր չկան՝ քաղաքում բացառված է, մարզերում էլ չգիտի․․․․ Դա վերջին փորձս էր նրա միջոցով հասկանալ, թե ինչ հնարավորություններ կունենա մեր հարազատը․․․ Վերջին ու Աստծո հույսով եղբայրը զանգահարել է Կովիդ կենտրոն ու տեղեկացրել, որ քույրը ծայրահեղ ծանր է․․․

Սա նմանատաիպ երկրորդ ծանրագույն խնդրանքն է, որ ստացել եմ վերջին տարում․ առաջինը անցած տարվա ճգնաժամային փուլում էր։

Ես պահանջում եմ, նման կայքերի պատասխանատվության խնդիրը դնել, որոնք այս աղետին են բերել “մարդու իրավունքների ու ազատության” անվան տակ հակապատվաստումային քարոզչության ու հասարակությանը այս քաոսի մեջ ներքաշելու համար։ Այս կայքերը պետք է կիսեն ոչ միայն այս վիճակի պատասխանատվությունը /իշխանություններն ու նախարարությունն էլ իր հերթին/, ոչ միայն փոխհատուցեն հանրությանը իրենց պատճառած վնասների համար, այլ մեկընդմիշտ փակվեն որպես հայ հասարակության ու նրա անվտանգությանը հարվածողներ։

Ընդամենը շատ կարճ ծաղկաքաղ եմ ներկայացնում վերջին շրջանի նյութերի /մի քանի օր առաջ սույն կայքից ավելի շատ քաղվածք էր բերել էջիս/։ Ու թող զոհ ունեցած բոլոր մարդիկ իմանան, թե այս ճգնաժամի ջրաղացին ջուր լցնողներն ովքեր են՝ կուզեն բացատրություն պահանջեն, կուզեն փոխհատուցում, կուզեն գանահարեն, դա իրենց խնդիրն է։

Ակնկալում եմ՝ որ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն-ը, ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն, ՀՀ Քննչական Կոմիտեն լրջորեն զբաղվեն այս ամենով։

Բոլորին հորդորում եմ լրջորեն մշտադիտարկում իրականացնել նման կայքերով տարվող քարոզչության, ինչպես նաև այլ նմանատիպ դրսևորումների նկատմամբ։

 

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան  էջից։