Հայաստանի բնակչության նկատմամբ այս թշնամական քաղաքականությունը, դիկտատորական իշխանության սանձարձակություններն անպատիժ չեն մնալու. 7

Սատանայի հետ կապ ունեցողներին փնտրել գտնելն ԱԱԾ ուժերից վեր է, թող որոնի, գտնի Սատանայի մանկլավիկների հետ կապ ունեցողներին

 

Սկիզբը` այստեղ

Ֆեյսբուքյան իր էջով ներկայացնելով այն լկտի սուտը, թե «կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը», Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հավանաբար գիտակցելով, որ այդ ստի համար կարող է խիստ քննադատության ենթարկվել և ունենալով իրեն ապահովագրելու միտում, հաջորդ իսկ պարբերությամբ ներկայացրել է  նախորդին հակասող տեղեկատվություն.

«Միաժամանակ, հարկ է նշել որ Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հավանականությունը քիչ է, որ ամբողջովին պատվաստված անձը կարող է մահանալ կորոնավիրուսից: Հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Անգլիայում կորոնավիրուսից մահացել է 51,281 հազար մարդ, որոնցից ընդամենը 1.2%-ն է պատվաստված եղել»:

Բնականաբար, հարց է առաջանում, թե «ՀՀ առողջապահության նախարարություն» (այսուհետ` ԱՆ) կոչված, բայց մի շարք դեպքերում մարդկանց առողջության դեմ գործած ու գործող մարմնի ենթակայության ՀՎԿԱԿ-ն ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի և, ընդհանրապես, աշխարհի բազմաթիվ մասնագիտական, հեղինակավոր կենտրոնների, հաստատությունների արժանահավատ տվյալները մի կողմ թողած, վկայակոչել Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնի (այսուհետ` Կենտրոնի) մանիպուլյացիոն տվյալները, եթե չունի մեր հանրությանը մոլորեցնելու նպատակ: Իսկ որ Կենտրոնի տվյալները մանիպուլյացիոն և իրականությունը սքողելու նպատակ ունեն, դժվար չէ դրանում համոզվել:

Նախ ի՞նչ է նշանակում, թե «հավանականությունը քիչ է, որ ամբողջովին պատվաստված անձը կարող է մահանալ կորոնավիրուսից», այդ «քիչ է»-ի չափանիշը ո՞րն է… Եթե նշված գնահատականի հիմքում դրված են Կենտրոնի վիճակագրական տվյալները, ապա դրանք չափազանց անբավարար են և չեն կարող հիմք հանդիսանալ նման ընդհանրական եզրակացության համար:

Երկրորդ. ըստ Կենտրոնի տվյալների, միայն կես տարում` «Հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Անգլիայում կորոնավիրուսից մահացել է 51,281 հազար մարդ, որոնցից ընդամենը 1.2%-ն է պատվաստված եղել»: Պարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ չնայած COVID-19-ի դեմ պատվաստված լինելուն, Անգլիայում նշված ժամանակաընթացքում, այնուամենայնիվ, կորոնավիրուսային հիվանդության զոհ է դարձել 614 մարդ:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ այս վերջին թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե Անգլիայում նշված ժամանակաընթացքում պատվաստումային տարիքի ողջ բնակչությունը պատվաստված լիներ, մինչդեռ նրանց սոսկ մի մասն է պատվաստված եղել (սա հասկանալու համար մի փոքր մտածեք):

Երրորդ.  Կենտրոնը բացատրել կամ պատճառաբանել է, որ «այդ մահերից որոշները սպասելի էին, քանի որ պատվաստանյութերը 100 տոկոսով արդյունավետ չեն, և երկրորդ դեղաչափը ստանալուց հետո առնվազն երկու շաբաթ է անհրաժեշտ ամբողջական պաշտպանություն ձևավորելու համար», սակայն, կարծում ենք, միտումնավոր չի նշել, թաքցրել է, թե վերոնշյալ 1.2%-ից, այսինքն` մահացած 614 հոգուց քանի՞սն են նրանք, որոնք մահացել են չնայած նրան, որ 2-րդ դեղաչափը ստանալուց հետո արդեն անցած է եղել առնվազն երկու շաբաթ:

Չորրորդ. չկան կամ միտումնավոր չեն ներկայացվել համեմատական տվյալներ, թե հիշյալ ժամանակաընթացքում մահացած 51,281 հազար հոգուց քանի՞սն են նախկինում կորոնավիրուսով վարակված եղել, այսինքն` մահացել կրկնավարակի հետևանքով, որպեսզի հանրությունը պատկերացում կազմի, թե պատվաստո՞ւմն է մարդուն ավելի արդյունավետ պաշտպանում մահվան դեպքերից, թե բնական ճանապարհով ձեռք բերված իմունիտետը:

Հոկտեմբերի 5-ին անդրադառնալով ՀՎԿԱԿ-ի վերոնշյալ հրապարակմանը և նշելով, որ «Առողջապահության նախարարությունը շարունակում է թաքցնել ճշմարտությունը», «Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«2. Ըստ Անգլիայի Հանրային Առողջապահության պատասխանատու մարմնի հրապարակման 4 մլն մարդուց ընդամենը 0,001%-ի մոտ է հաստատվել Քովիդի կրկնավարակի դեպք:

4․Վաշինգտոնի համալսարանի իմունաբանները «Nature» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում եկել են եզրակացության, որ Քովիդով հիվանդացածների մոտ ձևավորվում է կայուն իմունիտետ, որը կարող է ապաքինված մարդու մոտ ապահովել կրկնավարակից պաշտպանվածություն տասնամյակների ընթացքում։ Նույնիսկ այն դեպքում, երբ վարակն ընթացել է հարաբերականորեն թեթև ձևով։

5․ Նույնանման հիմնավոր վարկած են հայտնել նաև Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները։

6․ ԱՄՆ Ջոն Հոպկինսի Բժշկության ու Բլումբերգի Հանրային Առողջապահության դպրոցների պրոֆեսոր Մարտի Մակարին Վաշինգտոն Փոստում տպված հոդվածում նշում է․

6.1. Ավելի քան 15 հետազոտություններ ցույց են տվել նախկինում վիրուս ունենալու պատճառով ձեռք բերված իմունիտետի ուժը:

6.2. Երկու շաբաթ առաջ Իսրայելում կատարված 700,000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց տվեց, որ նրանք, ովքեր նախկինում վարակվել էին, 27 անգամ ավելի քիչ հավանականություն ունեն երկրորդ անգամ կլինիկական դրսևորումներով Քովիդ տանել, քան պատվաստվածները:

6.3. Սա հաստատեց նաև Քլիվլենդի կլինիկայի բուժաշխատողների շրջանում այս տարվա հունիսին իրականացված հետազոտությունը, որի արդյունքներով նախկինում կորոնավիրուսի նկատմամբ դրական թեստ ունեցողներից ոչ ոք կրկնակի չի վարակվել: Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ. «այն մարդիկ, ովքեր հիվանդացել են SARS-CoV-2 վարակով, դժվար թե որևէ օգուտ ստանան covid-19 դեմ պատվաստումից»:

6.4. Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունը մայիսին ցույց տվեց, որ նույնիսկ թեթև ընթացքով կորոնավիրուսային վարակը առաջացնում է երկարատև իմունային պաշտպանվածություն»:

6.5. Այսպիսով, գիտական տվյալները ցույց են տալիս, որ բնական իմունիտետը նույնքան լավն է, կամ նույնիսկ ավելի լավը, քան պատվաստանյութի հետևանքով առաջացրած իմունիտետը:

7․ MedRxiv.org ինտերնետային կայքում տեղադրվել է իսրայելական աշխատանքային խմբի հետազոտությունը, ըստ որի նախկինում Քովիդով չհիվանդացած պատվաստված մարդկանց մոտ Delta շտամով վարակման վտանգը 13 անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ, ով նախկինում հիվանդացել է, այն դեպքում, երբ հիվանդանալը կամ պատվաստվելը տեղի է ունեցել 2021թ․ հունվար-փետրվար ամիսներին»։

Ահա թե որ ճշմարտությունն են թաքցնում ԱՆ կոչվածը և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հանրությունից, որպեսզի COVID-19-ով արդեն իսկ հիվանդացածներին նույնպես հարկադրեն պատվաստվել վտանգավոր պատվաստանյութերով: Չի հաջողվելու, նրանք, ովքեր դեմ են պատվաստումների հարկադրմանը, նրանց դեռ ցույց կտան իրենց տեղը:

«Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը ՀՎԿԱԿ-ի վերոնշյալ հրապարակմանն իր անդրադարձի վերջում ԱՆ կոչվածին հարցնելով` «Ինչո՞ւ եք դուք ուզում պատվաստել արդեն  իսկ Քովիդ տարած ու ապաքինված հարյուր հազարավոր մարդկանց, երբ նրանց վարակման հանդեպ անընկալունակությունը շատ ավելի կայուն, տևական և արդյունավետ է, քան ներկայում կիրառվող բոլոր պատվաստանյութերի դեպքում», հանդես է եկել հետևյալ կոչով. «Սիրելի կոլեգաներ, մի՛ ստանձնեք ԱՆ վերնախավի (ֆեյք բժիշկների) կեղծիքները քողարկողի դերը։ Մնացեք հավատարիմ բժշկի ձեր բարձր կոչմանը»։

 

Արթուր Հովհաննիսյան