Ի դեպ ձեր նշած այդ գոմում հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված․ Արեգնազ Մանուկյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին (տեսանյութ)
«Մշտապես բարձրաստիճան պաշտոնյա եք եղել և ձեր կենսագրությունից չի երևում, որ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվել։ Որտեղի՞ց ձեզ այն գումարը, որով Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն գոմ անվանեցիք»,- ԱԺ-ում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Ի դեպ ձեր նշած այդ գոմում հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ ձեզանից գոմ են վարձակալել»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
«ԱԺ շենքը գտնվում է իմ նախկին տան դիմաց։ Դա ես 2003 թվականին վաճառել եմ, որը կառուցել էի 89-ին, երբ եղել եմ ԳԱԱ-ի փիլիսոփայության, իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Այդ շենքը 2003-ին վաճառել ենք, և նաև իմ հոր օժանդակությամբ կառուցել այս շենքը։ Գիտե՞ք ինչու գոմ անվանեցի, որովհետև մեր հարևանությամբ ապարանքներ են և իմ տունն այդ ապարանքների համեմատ շատ համեստ տուն է։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
Արեգնազ Մանուկյանը ցույց տվեց տան լուսանկարը և նշեց, որ դա բացարձակապես գոմ չէ և հսկայական առանձնատուն է.
«Փաստորեն կոռուպցիայի դեմ պայքարը լոզունգ հռչակած իշխանությունը ԲԴԽ ղեկավար է դարձրել առերևույթ կոռուպցիայի մեջ ներգրավված մարդու։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ձեզ նախորդ իշխանությունների հաճախորդ էր անվանում, դուք այն ժամանակ կիսու՞մ էիք այդ տեսակետը»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Գագիկ Ջհանգիրյանն ընդգծեց՝ դա իր անձնական խնդիրն է, թե ինքը և գործադիր իշխանության ղեկավարն այսօր ինչ հարաբերությունների մեջ են և չի պատրաստվում այդ խոհանոցը բացել։
Մանրամասները՝ տեսանյութում