Քեզ տրված պատիվը այլևս համարվում է բռնության քարոզ․ Կարո Վարդանյան

Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրն է։ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը գրում է․

«Հիշատակիդ օրն է:

Քեզ տրված պատիվը այլևս համարվում է բռնության քարոզ, որովհետև միամտություն ունեցար թուրքութաթար ջարդելու ու աշխարհի թուրքընթացը 100 տարով կասեցնելու: Քեզ չեն ներելու:

Դեպի շիրիմդ բերող ճամփաները մղձավանջի ոլորաններ են: Չորս կողմդ զոհի ու նահատակի շիրիմ է, անհամար շիրիմ: Ե՞րբ էիր այսքան զինվոր ունեցել: Հիմա Զորավարն ես բյուրավոր նահատակների: Ցասումդ անմեկնելի է: Աչքդ հին ու նոր զինվորներիդ շիրիմներին է, միտքդ՝ անթաղ ու անհիշատակ զինվորներիդ հետ:

Շատ տարիներ առաջ գրել էի, որ մեր հողը խռովել է մեզնից, ուզում է փախչել մեր ոտքի տակից: Գրել էի, որ այն պահելու համար վերջը Քո դուռն ենք գալու ու պահանջելու ենք. Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:

Վաղուց էլ այդպիսի միամիտ բաներ չեմ գրում: Ոչ ոք էլ Քո դուռը չի գալու ու ոչինչ էլ չի պահանջելու:

Հիշատակդ էլ անհետ ջնջվելու է:

Ու էլ ոչ ոք չի հավատալու, որ մեր մեջ Քո նմանն էլ է եղել»: