ԱՄՆ-ը պարտվել է Աֆղանստանում. թալիբների հայտարարությունը

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը պարտություն է կրել և չի հասել իր նպատակներին Աֆղանստանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

«Մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում ԱՄՆ-ի հետ»,- հավելել է վերջինս:

Երեքշաբթի գիշեր Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում իր առաքելության ավարտի մասին: Քաբուլի օդանավակայանը, որտեղ մինչև օգոստոսի 31-ը տարհանում էր իրականացվում, անցել է թալիբների վերահսկողության տակ:

Երկրում ԱՄՆ-ի «Հարատև ազատություն» առաքելությունն սկսվել էր 2001 թվականի հոկտեմբերին՝ որպես պատասխան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների: 2014 թվականին առաքելությունը փոխարինվեց ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողությամբ: Այդ ժամանակահատվածում հաջողվել է սպանել «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին:

Հիշեցնենք, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Մինչ օրս թալիբներին դիմադրություն է ցույց տալիս միայն Փանջշեր նահանգը:

Ավելի ուշ հայտնիէ դարձել, որ թալիբները մտադիր են 12 անձից կազմված խորհուրդ ստեղծել՝ երկիրը կառավարելու համար: