Ռուսաստանի «անուղղակի ազդակներ» Սիրիայի մասին հասցեագրված են բոլորին

Աշխարհում տիրող այսօրվա իրավիճակը հար և նման է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեի զարգացումերին: Մենք բազմիցս անդրադարձել ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններում Ռուսաստանի «տարօրինակ» դերին, մասնավորապես այն մասին, որ Սիրիային փոխանցվել է С-300 զենիթահրթիռային համակարգեր, սակայն Սիրիայի ամբողջ տարածքը, ըստ էության, անպաշտպան է․ Սիրիայի տարածքը ռմբակոծվում է, հրթիռային հարվածներ են հասցնում Թուրքիան, Իսրայելը և Միացյալ Նահանգները: Կա «հարց» նաև Իրանին, որը Սիրիային տրամադրեց իր «Բավար» և «Խորդադ» ՀՈՊ համակարգերը: Նրանք նույնպես դեռ չեն «կրակել»…

Թուրքիան, 2016 թվականի նոյեմբերին Հալեպում, ինչպես նաև իրաքյան Մոսուլում և Քիրքուքում թուրքամետ «պրոքսիների» պարտությունից հետո գործնականում դադարեցրեց ռազմական ինքնաթիռների օգտագործումը Սիրիայի և Իրաքի դեմ: Բայց Իսրայելը չի ​​դադարեցնում իր սադրիչ օդային հարձակումներն ու հրթիռային հարվածները: Եվ օգոստոսի 19-ին, Լիբանանի օդային տարածքից Իսրայելի ռազմաօդային ուժերի 6 բազմաֆունկցիոնալ կործանիչներ 24 հրթիռով հարվածներ են հասցրել Սիրիայի Դամասկոս և Հոմս նահանգների թիրախներին: Իսկ օգոստոսի 20-ի երեկոյան, և նույնիսկ ավելի վաղ, քան սիրիացիները, ռուս զինվորականները շտապեցին հաղորդել, որ իսրայելական ավիահարվածը անհաջող է: Այդ օրը Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծովակալ Վադիմ Կուլիտը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Սիրիայի զինված ուժերը 24-ից 22 հրթիռ են ոչնչացրել: Սիրիացի զինծառայողների շրջանում զոհեր և ենթակառուցվածքային օբյեկտների ավերածություններ չկան»: Այսպիսով, ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, իսրայելական ինքնաթիռների վերջին հարձակման ժամանակ Սիրիայի ՀՕՊ-ը ոչնչացրել է արձակված իսրայելական հրթիռների ավելի քան 90%-ը:

Մենք ուշադրություն դարձրեցինք 2 փաստի վրա. 1) Ռուսաստանը նման հայտարարություններ է անում հուլիսի 22-ից, երբ Իսրայելը վերսկսեց օդային հարձակումները և հրթիռային հարվածները. 2) Ռուսաստանը մշտապես շեշտում է, որ «ռուսական արտադրության» ՀՕՊ համակարգերի շնորհիվ է, որ Սիրիան հաջողությամբ պայքարում է իսրայելական հրթիռների դեմ: Բայց, կրկին ասենք, որ ոչ ոք չի կրակում իսրայելական ավիացիայի ուղղությամբ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար Իսրայելի ուշադրությունը հրավիրում է տարբեր ժամանակներում Դամասկոս մատակարարվող ռուսական պաշտպանական համակարգերի արդյունավետության վրա: Մոսկվայից Թել Ավիվ ուղղված նման անուղղակի ազդանշանները նպատակ ունեն, ինչպես հասկանում ենք, հրեաներին «համոզել» հրաժարվել Սիրիայի դեմ ընդհանուր առմամբ անպտուղ ագրեսիայի գործողություններից: Բայց ամբողջ աշխարհը տեսնում է, որ այդ «անուղղակի ազդանշանները» դեռևս Իսրայելի վրա առանձնապես ազդեցություն չեն ունեցել: Եվ դա տեսնում և հասկանում է Կրեմլը: Նրանք հասկանում են նաև, որ Իսրայելի «համառությունը» վաղ թե ուշ անուղղելի և անշրջելի հարված կհասցնի Ռուսաստանի հարաբերություններին ինչպես Սիրիայի, այնպես էլ Սիրիայի դաշնակից Իրանի հետ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ ապագայում Սիրիան կարող է մտնել ՀԱՊԿ, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անդրեյ Կարտապոլովը: «Ինչո՞ւ ոչ: Եթե ​​դա ձեռնտու է բոլորին՝ և՛ Սիրիային, և՛ Ռուսաստանին, և՛ ՀԱՊԿ մեր մյուս գործընկերներին, ապա ես չեմ բացառում նման հնարավորությունը»,- ասել է նա «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Կարտապոլովը, իհարկե, ամեն ինչ չի ասում. որպես ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, նա չի կարող չիմանալ, որ Սիրիայի որոշումները կախված չեն Մոսկվայից կամ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից, այլ՝ կախված են Իրանից: Բայց փաստը մնում է փաստ. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշեց շարունակել «անուղղակի ազդանշանները»` այս դեպքում ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թուրքիային և ԱՄՆ –ին ուղղված: Այնուամենայնիվ, կարող ենք նաև ենթադրել, որ այս հայտարարությամբ (Սիրիայի՝ ՀԱՊԿ-ում հնարավոր ընդունման մասին) ՌԴ պաշտպանության նախարարությունը միաժամանակ «ուզում է ինչ-որ բան ասել», այդ թվում՝ Իրանին: Բոլորը ստիպված կլինեն այդ «անուղղակի ազդանշանների» հանելուկը լուծել, այդ թվում՝ մեզ, հայերիս: Մենք մասնակցում ենք Սիրիայում Ռուսաստան-Իրան տանդեմի մարդասիրական գործողություններին, և Հայաստանը՝ ՀԱՊԿ դաշինքի անդամ է:

Սերգեյ Շաքարյանց