Մինչև կառավարական ամառանոցներին հասնելը ՀՀ–ում այլ անշարժ գույք կգտնվի. ՔՊ պատգամավոր

Մինչև կառավարական ամառանոցներին հասնելը ՀՀ–ում այլ անշարժ գույք կգտնվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կառավարական ամառանոցները զինվորի վերականգնողական կենտրոնի վերածելու` ընդդիմության նախընտրական գաղափարին։

«Ես կարծում եմ, որ մինչև հասնելը կառավարական ամառանոցներին, ՀՀ–ում կգտնվի շատ այլ անշարժ գույք, որը կարող է ծառայեցվել այդ նպատակին։ Ուղղակի կառավարական ամառանոցներն անընդհատ վկայակոչելը ես համարում եմ, կներեք, ամբոխահաճություն»,– ասաց Տիգրանյանը։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ խոսքը պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման մասին է։

«Արցախյան 3 պատերազմ ենք ունեցել, զոհեր ու վիրավորներ ենք ունեցել։ Ունեցել ենք զինհաշմանդամների վերականգնման խնդիրներ, որևէ անգամ չի ծագել այս հարցը՝ պետական ամառանոցները զինվորի վերականգնողական կենտրոն դարձնել»,- արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանը։