Ես այսօր նույնիսկ մեկ ահաբեկիչ չեմ տեսնում լրագրողների մեջ. Կարեն Անդրեասյան

Նույնիսկ մեկ ահաբեկիչ ես այսօր չեմ տեսնում լրագրողների մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարությանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին, լրագրողներին համեմատել էր Նաիրի Հունանյանի հետ։ Նա նշել էր, որ լրագրությունը և խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ և եթե անվտանգության մարմինները գտել են, որ առկա են որոշակի ռիսկեր, պետք է հարգել։

«Եթե որոշակի ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են լրագրողի կերպարի տակ թաքնված լինել ու նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, ուրեմն պետք է հավատանք անվտանգության մարմիններին»,-հայտարարել էր Անդրեասյանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանը փորձեց պարզաբանել աղմկահարույց հայտարարությունը, որը բավականին բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք էր տվել՝ հատկապես լրագրողական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների շրջանում։

«Երբ ժամանակին ասել եմ կոռումպացված դատավորների մասին, դա չի նշանակում, որ բոլոր դատավորները կոռումպացված են։ Երբ խոսել եմ, որ նույնիսկ լրագրողի դիմակի անվան տակ կարող է ներթափանցել ահաբեկիչ, չի նշանակում, որ ես ասել եմ, որ ահաբեկիչներ կան լրագրողների մեջ։ Նույնիսկ մեկ ահաբեկիչ ես այսօր չեմ տեսնում լրագրողների մեջ»,- նշեց Անդրեասյանը։

Անդրեասյանը պարզաբանեց, որ փորձել է բացատրել, որ անվտանգության սպառնալիքի կամ նման տեղեկատվության դեպքում ցանկացածի տեղաշարժը՝ նախարարից մինչև լրագրող, բժշկից մինչև հավաքարար, կարող է սահմանափակվել։

«Այսօր ես՝ որպես նախարար, մտնում եմ հատուկ պահպանվող տարածքներ այնպիսի զննությամբ, որ ժամանակին որևէ նախարար չի անցել և դա անվտանգության այն կանոններն են, որ մենք հարգում ենք։ Մեր տեղաշարժը ևս սահմանափակված է որոշակիորեն»,- նշեց Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ մթնոլորտի լարման հետևանքով Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, այդ թվում՝ ԱԱԾ ՊՊԾ ծառայողներին, ինչից հետո ուղիղ հեռարձակումը դադարեցվեց, իսկ լրագրողներին թույլ չտվեցին ԱԺ օթյակից լուսաբանել, Կարեն Անդրեասյանը նշեց, որ կա կանոն, որ անվտանգության աշխատակիցներին չի կարելի նկարել՝ բաց դեմքով։

«Այդ կանոնի տրամաբանությամբ կարող ենք գտնել այլ լուծումներ, թե ինչպես անել, որ անվտանգության աշխատակիցների դեմքերը չերևա»,- նշեց Անդրեասյանը։