Բունկերում Էռատոյի հայտնվելուց հետո այլևս զարմանալի չէ Գեղարքունիքի մարզում «փոքրիկ պատերազմից» առաջ ԱՄՆ-ի դեսպանի հայտնվելն այնտեղ

Հայաստանում ծավալվող իրադարձություններին փոքր-ինչ ուշադիր հետևողները չէին կարող չնկատել ՀՀ տարածքում, Ադրբեջանի հետ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածներում հուլիսի 28-ի գիշերը սկսված և առավոտյան շարունակված Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողություններից, ծավալված թեժ մարտերից երկու, իսկ ավելի ստույգ մեկուկես օր առաջ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի` Գեղարքունիքի մարզում  հայտնված լինելու հանգամանքը:

ՊՆ կոչվածի մամուլի ծառայության հաղորդմամբ, Թրեյսին Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ, ինչից կարող ենք եզրակացնել, որ դեսպանն այնտեղ էր գնացել ոչ թե սուրճ խմելու, Սևանա լճում լողանալու կամ Սևանի իշխան ուտելու, այլ հայ- ադրբեջանական սահմանային վայրերում, լարվածության օջախներում իրավիճակին անձամբ, իր աչքով (ակնադիտարկմամբ), հնարավոր է նաև հեռադիտակի միջոցով ծանոթանալու համար:

Բնականաբար, հարց է առաջանում` ի՞նչ գործ ուներ նա այնտեղ, հետախուզական առաքելությո՞ւն էր իրականացնում, և եթե այո, ապա հօգուտ ո՞ւմ… Կարո՞ղ ենք հաջորդած իրադարձություններից գոնե ենթադրել այդ մասին… Բունկերում Էռատոյի հայտնվելուց ու դրա հայտնի հետևանքներից հետո այլևս ոչինչ զարմանալի չէ:

Այնուամենայնիվ, այս դեպքում ուշագրավ է հետևյալը. Գեղարքունիքի մարզում, դատելով ամենից, թեկուզ սահմանափակ զորակազմով, գտնվում են նաև ռուսական խաղաղապահներ, որոնք խաղաղապահ առաքելություն իրականացնելու իրավաքաղաքական հնարավորություն դեռ չեն ստացել: Դվար չէ պատկերացնել նրանց դժգոհությունը և անվստահությունը հայկական կողմի նկատմամբ, որի ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ ՆԱՏՕ-ի անդամ և Ռուսաստանին, ըստ էության, թշնամի պետության բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչը հայտնվում է մոտերքում…

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահներն իրենց դրոշներով դեռ մայիսին բարձրացել էին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքեր։ Այդ մասին մայիսի 29-ին NEWS.am -ի հետ զրույցում հայտնել էր Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։

«Իրենց երեք-չորս ռուսական մեքենաներով բարձրացրել են դիրքեր, մեկ ժամից մի փոքր ավել մնացել ու վերադարձել,- ասել էր գյուղապետը:-  Չգիտեմ, թե ինչ են արել։ Սա առաջին անգամ էր, որ ռուս խաղաղապահները բարձրանում էին այդ դիրքեր»:

Դրանից մեկ շաբաթ հետո` հունիսի 5-ին, «Հրապարակ» օրաթերթը գրեց Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած ապրիլյան այցից հետո իրեն հայտնի դարձած նոր մանրամասների մասին.

Այդ օրերին մամուլը գրեց, որ «պատահաբար» Սյունիքում գտնվող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում։

Պարզվում է՝ սա ամբողջը չէ։ Նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Թե ով՝ մեր աղբյուրներին հայտնի չէ։

Դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել»։

Թեև եռակողմ քննարկումը, ըստ նույն հրապարակման, վերաբերվել է Սյունիքով Նախիջևան միջանցքին, սակայն այստեղ էականը Մոսկվայի հետ բանակցություններին զուգահեռ, Վաշինգտոնի ու Բաքվի հետ ինչ-որ «խաղերի» մեջ լինելն է:

«Այս հանդիպման մասին տեղյակ է նաև ռուսական կողմը, և ասում են՝ զայրացած են, որ իրենց թիկունքում Հայաստանը խաղեր է տալիս ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հետ, ու վստահ են, որ Փաշինյանն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ»,- գրել էր «Հրապարակը»:

Վերստին անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ռուսական խաղաղապահների առկայության հարցին, նշենք նաև հունիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Դավթյանի ասածը, որ Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. գործընթացներն ընթանում են…

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը թեև այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ այն հատվածում, որտեղ անցած գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել, ռուսական խաղաղապահներ չեն տեղակայվել, սակայն նրա այս խոսքը բնավ  չի նշանակում, թե Գեղարքունիքի մարզում ռուսական խաղաղապահներ չկան:

 

Արթուր Հովհաննիսյան